Արևմուտքը ողջունում է կալանավորվածների ազատ արձակման վերաբերյալ Երևանի և Բաքվի երեկվա համատեղ հայտարարությունը։
Վաշինգտոնը այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր միջոց է համարել խաղաղության համաձայնագրի ավարտի և հարաբերությունների կարգավորման աշխատանքների ֆոնին։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ Հարավային Կովկասի ժողովրդի համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքեր ստեղծելու համատեղ ջանքերի համար», - հայտարարել է Պետդեպարտամենը՝ հավելելով՝ Վաշինգտոնը կշարունակի խստորեն աջակցել տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին։
Երեկ Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազը համատեղ հայտարարությամբ տեղեկացրեցին, որ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։ Երևանն ու Բաքուն միևնույն ժամանակ շեշտեցին՝ համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատեցին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը համաձայնել է՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա և Եվրամիությունը հանձնառու է աջակցելու այդ ջանքերին։
Բորելը ևս ողջունել է Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը կալանավորների փոխադարձ ազատ արձակման և վստահության ամրապնդման այլ միջոցների մասին՝ այն համարելով «կարևոր քաղաքական քայլ»։
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ևս ողջունել է «Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մեծ առաջընթացը»։
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ողջունել է հատկապես կալանավորված զինծառայողների ազատ արձակումն ու քաղաքական երկխոսության աննախադեպ բացումը:
«Կողմերի միջև երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է ԵՄ գլխավորած բրյուսելյան գործընթացի հիմնական նպատակը. այսօրվա առաջընթացը առանցքային քայլ է», - նշել է նա՝ հավելելով, որ այժմ խրախուսում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին շուտափույթ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի կնքումը։
ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին էլ նշել է, որ հայտարարությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
«ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել երկու երկրներին», - X-ի իր էջում գրել է նա։
Թուրքիայի արտգործնախարարությունն է նաև արձագանքել Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությանը՝ նշելով՝ ողջունում է երկու երկրների միջև վստահության ամրապնդման քայլեր ձեռնարկելու որոշումը։
«Մենք աջակցում ենք վստահության ամրապնդման լրացուցիչ քայլերի ընդունման շուրջ քննարկումները շարունակելու ջանքերը։ Ցանկանում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի հնարավորինս շուտ, որը կհանդիսանա Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն զարգացումներից մեկը», - ասված է հայտարարությունում։
Երևանն ու Բաքուն «առաջնորդվել են մարդասիրական արժեքներով», - X-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջնորդվելով մարդասիրական արժեքներով և որպես բարի կամքի ժեստ, Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի», -X-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն։
Գործադիրի ղեկավարը նաև նշել է․ - «Իր հերթին, հումանիզմի արժեքներով առաջնորդվելով և որպես բարի կամքի ժեստ, Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի»։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ Հայաստանին վերադարձվող անձինք 2020թ. դեկտեմբերին Հադրութի ուղղությամբ «իրականացված հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ ձերբակալվածներն են», մնացած 6-ը ձերբակալվել են սահմանին տարբեր ժամանակահատվածներում, և արդեն իսկ իրենց պատժի մեծ մասը կրել են։ Նրանց թվում չկան Արցախի կալանավորված նախկին պաշտոնյաները։
Ազատ արձակված զինծառայողների անունները, պաշտոնական Երևանը, սակայն, դեռ չի հրապարակվել, ինչպես նաև, թե երբ է իրականացվելու նրանց վերադարձը։
2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից մոտ մեկ ամիս անց հաղորդվեց, որ ադրբեջանական ուժերը վերահսկողության տակ են առել Հադրութի շրջանում հայկական մնացած վերջին երկու՝ Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերը՝ գերեվարելով 64 պահեստազորայինների։ Նրանց մի մասին Բաքուն վերադարձրեց, իսկ 26-ը դեռ պահվում են ադրբեջանական բանտերում՝ տարատեսակ մեղադրանքներով դատապարտվելով մինչև վեց տարվա ազատազրկման։
Իրավապաշտպանների տվյալներով՝ այս պահին Ադրբեջանում 55 հայ է պահվում, 41 ռազմագերի, Արցախի նախկին ղեկավարության 8 ներկայացուցիչ և 6 քաղաքացիական անձ։