Երեկվա հայտարարությունն արդյունք է Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև տեղի ունեցած բանակցությունների, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Ճշտող հարցին, թե բանակցությունները տեղի են ունեցել երկկո՞ղմ ձևաչափով, պատգամավորը պատասխանեց․ - «Այո՛, հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին արձանագրում չկա, այդ բանակցությունները տեղի են ունեցել երկու աշխատակազմերի միջև»։
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք երկկողմ ձևաչափով բանակցությունների հիմքը դրվեց, իշխանական պատգամավորը պատասխանեց․ - «Հարցը հումանիտար խնդրի է վերաբերվում, շատ զգայուն հարցի՝ գերիների վերադարձի հարցին, որի շուրջ շատ երկար և բազմիցս խոսել ենք և հնարավորություն է առաջացել հարցն այս ձևաչափում բանակցել և լուծել»։
Խանդանյանը խորհուրդ տվեց չթերագնահատել ու չգերագնահատել այս հայտարարությունն՝ ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանության մեջ։
«Այն, ինչ Հայաստանն ասել է, շարունակում է պնդել, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենա այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձայնություն են տվել դեռևս այս տարվա հուլիսին՝ եռակողմ հանդիպման ընթացքում, և Հայաստանը հորդորում է նաև միջնորդ կողմերին՝ ապահովել բանակցությունների շարունակականությունն այն հարթակներում, որտեղ դրանք սկսվել են», - ասաց իշխանական պատգամավորը։
Հարցին, թե ե՞րբ գերիները կվերադառնան Հայաստանը, պատգամավորը հստակ ժամկետներ չնշեց՝ հավելելով․ - «Դա պետք է տեղի ունենա շատ մոտակա ժամանակահատվածում. ժամերի կամ օրերի հարց է»։
Երեկ Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազը համատեղ հայտարարությամբ տեղեկացրեցին, որ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։ Երևանն ու Բաքուն միևնույն ժամանակ շեշտեցին՝ համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատեցին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Երևանն ու Բաքուն «առաջնորդվել են մարդասիրական արժեքներով»։
Այսօր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան ասել է, թե երեկ հաստատվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու ցանկությունը, «առաջիկայում կտեսնենք այս քայլերի շարունակությունը»։
Թե հետագա ինչ քայլերի մասին է խոսքը, չի հաղորդվում։