Մատչելիության հղումներ

«Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղության ճանապարհն անցնում է երկկողմ երկխոսությամբ»․ Բայրամով


Բաքուն հաստատապես հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գոյակցության պատմական հնարավորությանը, երեկ Սկոպյեում, ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Չնայած ավերածություններին ու չսպիացած վերքերին, հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը», - ըստ APA-ի, ասել է Բայրամովը՝ նշելով, թե «այլ սուբյեկտների կողմից նախաձեռնվող աշխարհաքաղաքական ինտրիգների շարունակությունն անարդյունավետ է և միայն ծառայում է խաղաղ գործընթացի ձգձգմանը»։

Թե ինչ սուվբյեկտների մասին է խոսքը, Ադրբեջանի արտգործնախարարը չի հստակեցրել։

Նա նշել է, թե Բաքուն հստակ հանձնառու է խաղաղությանը, թեև գործընթացը ձգձգվում է։

Բայրամովը նաև բողոքել է, թե «Հայաստանից ավելի քան երկուսուկես ամիս պահանջվեց համաձայնագրի նախագծի վերաբերյալ իր մեկնաբանությունները վերջնականապես ներկայացնելու համար»։

«Որոշ կողմերի կողմնակալ և միակողմանի գործողությունները լրջորեն ազդում են գործընթացի վրա», - կրկին անուններ չնշելով՝ հայտարարել է Բայրամովը՝ համոզմունք հայտնելով, որ «Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեն լավ հարաբերություններ հաստատելու և որպես երկու պետություն խաղաղ գոյակցելու համար»։

«Ժամանակն է օգտվել այս հնարավորությունից: Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղության ճանապարհն անցնում է երկկողմանի երկխոսությամբ և հարևանների հետ նորմալ հարաբերություններով», - եզրափակել է Բայրամովը։

Բաքուն օրերս դժգոհել էր, թե Հայաստանին ներկայացրել են «խաղաղության համաձայնագրի հինգերորդ տարբերակը, սակայն արդեն երկու ամիս է Երևանը չի արձագանքում»։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ասել էր, որ Բաքուն դեռ սեպտեմբերի 11-ին է փոխանցել այն՝ բացատրական գրություններով՝ ակնկալելով պատասխան մոտ ժամանակներում։ Պաշտոնական Երևանը նոյեմբերի վերջին տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի շուրջ իր 6-րդ առաջարկը։

Ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր․- «Գործընթաց կա, քննարկում կա, իհարկե առերես բանակցություններ այս ընթացքում հունիսից հետո չեն եղել։ Դժբախտաբար, էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է՝ «խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում կողմերի անվստահության պատճառով»։ Գործադիրի ղեկավարը նաև ընդգծել է՝ Երևանն ու Բաքուն դեռևս խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով։

Բաքվից պարբերաբար ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցելու առաջարկ է հնչում։ Երեկ Իջևանի ու Ղազախի հատվածում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ:

XS
SM
MD
LG