Մատչելիության հղումներ

Այսօր ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցն է


1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41 Ռիխտերի սանդղակով 9 բալլ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները մեծ ավերածություններ պատճառեցին Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Սպիտակ, Լենինական (այժմ՝ Գյումրի), Կիրովական (այժմ՝ Վանաձոր), Ստեփանավան քաղաքներում, բազմաթիվ այլ բնակավայրերում:

Երկրաշարժը, ըստ պաշտոնական տվյալների, խլեց 25 հազար կյանք, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: Ուղղակի նյութական կորուստները գնահատվում են շուրջ 10 միլիարդ դոլար։

Այսօր օրենսդիր և գործադիր մարմիններն իրենց նիստերը սկսեցին մեկ րոպե լռությամբ հարգելով 88-ի զոհերի հիշատակը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին։

Դեսպանության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ - «35 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին սարսափելի երկրաշարժ տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսում։ Հիշատակի ու սգո այս օրը Ֆրանսիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին»։

Երկրաշարժից 35 տարի անց աղետի գոտին դեռ ամբողջովին չի վերականգվել, հազարավոր մարդիկ դեռ տնակներում են ապրում:

Փաշինյանի կառավարությունը իշխանության գալուց անմիջապես հետո սկսեց հաշվառել 88-ի երկրաշարժից հետո տեղադրված ժամանակավոր կացարանները՝ պարզելու, թե որքան գումար կպահանջվի խնդրի լուծման համար։ Հաշվեցին, որ Հայաստանի տարբեր բնակավայրերում ավելի քան 6 հազար տնակ կա, ապամոնտաժման ենթակա տնակների գրեթե կեսը Գյումրիում է։

Անցած տարեվերջին Կառավարությունը հայտարարեց՝ մտադիր է մինչև 2027 թվականը 88-ի երկրաշարժի գոտին ազատել տնակներից։ Սա 88-ի երկրաշարժից հետո աղետի գոտին վերականգնելու արդեն 5-րդ պետական ծրագիրն է: Իրականացված չորս ծրագրերով խնդիրը հիմնովին չի լուծվել. ավելի քան երեք տասնամյակ անց էլ մի շարք համայնքներում տնակային ավաններ կան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG