Մատչելիության հղումներ

Գյումրիում նախատեսվում է վերանորոգել քաղաքի պատմական միջուկի ևս մեկ հատված


Գյումրիում նախատեսվում է վերանորոգել քաղաքի պատմական միջուկի ևս մեկ հատված, որը հիմնականում ընդգրկում է Սլաբոդկա թաղամասը։ Ծրագիրը 4 միլիարդ 300 միլիոն դրամ կամ մոտ 8,6 միլիոն դոլար կարժենա։

Ներդրումային ծրագրի մասին օրերս հայտարարել էր տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Գյումրի կատարած վերջին այցի ժամանակ։

«Մենք դեռ երկար աշխատանք ունենք անելու Գյումրիում, մասնավորապես, երբ անցում կկատարենք արդեն Սլաբոդկայի վերականգնմանը, այն ժամանակ Գյումրին էականորեն կփոխի իր պատկերը: Դա զբոսաշրջային ծրագրով է և հիմա մեր գործընկերներն աշխատում են դրա փաստաթղթավորման, նախագծման և այլ խնդիրներով, բայց առաջիկայում կունենանք նաև դրա առաջին փուլը ու ինտենսիվ կշարունակվի Գյումրվա զարգացումը: Ունենք Համաշխարհային բանկի ծրագիր, որի կատարողը զբոսաշրջության կոմիտեն է, Էկոնոմիկայի նախարարությունը, բայց իրականացնում է Տարածքային զարգացման հիմնադրամը, և մենք համատեղ աշխատանքը կիրականացնենք», - ասաց Պապաիկյանը:

Սլաբոտկա թաղամասում 18-19-րդ դարերի շենքեր կան, որոնց զգալի մասը լուրջ վերականգնման կարիք ունեն։ Գյումրիի կենտրոնական հատվածներում պահպանված պատմական շենքերը վերջին տարիներին դարձել են քաղաքի այցեքարտը՝ գրավելով թե՛ հայաստանցի, թե՛ օտարերկրացի զբոսաշրջիկներին։

88-ի աղետալի երկրաշարժի հետևանքները տասնամյակներով չթոթափող քաղաքը վերջին տարիներին զբոսաշրջային ուղղություն է դարձել։ Զբոսաշրջիկները հիմնականում այցելում են արդեն վերանորոգված փողոցներն ընդգրկող պատմական հատվածը: Սլաբոտկա թաղամաս գնում են տեսնելու «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբը։ Դրանից այն կողմ չեն գնում, քանի որ փողոցները բարեկարգ չեն:

Համաշխարհային բանկի ու կառավարության ֆինանսավորմամբ իրականացվելիք ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել ու լուսավորել թաղամասի գրեթե բոլոր փողոցները։ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այս ծրագիրը շատ կարևոր է համարում քաղաքի զարգացման ու ավելի շատ զբոսաշրջիկների գրավելու տեսանկյունից:

«Մենք ունենալու ենք տուրիստական երևի աշխարհագրության մեծացում քաղաքում: Այսինքն ի՞նչ է լինելու, Ֆուրմանով փողոցից մինչև Տերյան փողոց և Աճեմյանից մինչև Հաղթանակի պողոտա այս քառակուսին մենք ունենալու ենք յուրահատուկ միջավայր, որը հնարավորություն կտա տուրիստական հոսքերի», - նշեց Բալասանյանը:

Փողոցները հիմնանորոգվելու են հնի ու նորի համադրմամբ՝ լինելու է և՛ ասֆալտ, և՛ մանրաքար. «Այնտեղ որտեղ մանրաքարեր են, մանրաքարեր են, այնտեղ որտեղ ասֆալտ է ասֆալտ է»:

Այս պահին նախագծային աշխատանքների համար մրցույթ է հայտարարված, որին կհաջորդի շինարարի ընտրության մրցույթը: Բուն աշխատանքները հաջորդ տարի կմեկնարկեն:

«Տարածքային զարգացման հիմնադրամն արդեն այս պահին մրցույթ է դրել նախագծողի հետ կապված: Այսինքն հասել ենք այս փուլին: Դա մոտավորապես մի 27 օր է տևելու, դրանից հետո նաև շինարարը արդեն պարզ կլինի և երևի թե այս տարի չենք հասցնի, բայց հաջորդ տարվա սկզբին մենք երևի կունենանք արդեն պատրաստի նախագծեր, որը հնարավորություն կտա այս հատվածը վերականգնելու», - ասաց քաղաքապետը:

Գյումրիի գլխավոր՝ Վարդանանց հրապարակն էլ կհիմնանորոգվի կառավարության սուբվենցիոն ծրագրով: Քաղաքի գլխավոր շատրվանն էլ ցանկություն կա արդիականացնելու:

«Ինձ համար ամենակարևոր խնդիրներից մեկն է, որ հաջորդ տարի սուբվենցիոն ծրագրով կարողանանք նաև արդիականացնել մեր շատրվանը, դարձնել ամենագեղեցիկը, որը իրականում անհրաժեշտություն է, որպեսզի տուրիստները երեկոյան կարողանան ունենալ գեղեցիկ երաժշտությամբ համապատասխան միջավայր, շատրվան, որը նաև ինչ-որ տեղ զբաղվածություն կբերի մեր տուրիստներին», - ընդգծեց Բալասանյանը:

Գյումրիի պատմական միջուկում ժամանակակից կոմունիկացիաների առկայությունը, ըստ քաղաքապետի, բիզնեսի՝ հատկապես հյուրատների ու հյուրանոցների զարգացման խթան կհանդիսանա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG