Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը կարող է իր ներդրումն ունենալ խաղաղության գործընթացում. Ալիևը՝ Օ՛Բրայանին


Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը դեկտեմբերի 6-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ամերիկացի դիվանագետը X սոցցանցում գրել է, որ Ադրբեջանի նախագահի հետ «կառուցողական քննարկում է ունեցել Ամերիկա-Ադրբեջան հարաբերությունների ապագայի շուրջ։

Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն, արժանապատիվ խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կբացի։

Հանդիպման մասին ավելի ուշ հաղորդել է նաև ադրբեջանական կողմը՝ նշելով, որ Իլհամ Ալիևը Ջեյմս Օ՛Բրայանին ասել է, որ Վաշինգտոնը, հաշվի առնելով նոր իրողությունները, կարող է իր ներդրումն ունենալ խաղաղության գործընթացում: Ըստ Ալիևի՝ այժմ, երբ «հակամարտությունն ավարտված է, և վերականգնվել է Ադրդբեջանի տարածքային ամբողջականությունը», պատմական հնարավորություն է ստեղծվել խաղաղություն հաստատելու համար:

Ավելի վաղ Ալիևը քննադատել էր Օ՛Բրայանին Ղարաբաղի հարցով Կոնգրեսի լսումներում արտահայտած մտքերի համար, հայտարարել, որ Վաշինգտոնյան հարթակն այլևս ընդունելի չէ իր համար Երևանի հետ բանակցություններում:

Ամերիկացի դիվանագետը հանդիպել է նաև Ադրբեջանի արտգործնախարարին։

«Լավ հանդիպում [ունեցա] Ջեյհուն Բայրամովի հետ։ Գաղափարներ փոխանակեցինք երկկողմ համագործակցությունը խորացնելու և տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանն աջակցելու շուրջ», - X սոցիալական ցանցում գրել է Օ'Բրայանը։

XS
SM
MD
LG