Մատչելիության հղումներ

Բաքուն և Վաշինգտոնը վերականգնում են բարձր մակարդակի այցելությունները


Ադրբեջանի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին հայտարարություններն ու քայլերը լուրջ վնաս են հասցրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևը կողմնակալ է համարել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի՝ նոյեմբերի15-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի լսումներում արտահայտած կարծիքները՝ շեշտելով՝ «դրանք չեն արտացոլում իրականությունը»։

Ընդգծելով, որ ադրբեջանական կողմը հաշվի է առել Բաքվի հետ կապված ԱՄՆ հայտարարությունները՝ երկկողմ հանդիպումները և բարձր մակարդակի շփումները չեղարկելու հարցում՝ Ալիևն ասել է, որ «մեր երկկողմ հարաբերությունները չեն կարող նախկինի պես լինել», և դրան համարժեք պատասխան է տրվել։

Ադրբեջանի նախագահ հիշեցրել է, որ այդ կապակցությամբ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, չեղարկվել են նաև բարձր մակարդակի այցերը։

Ըստ APA-ի՝ Բլինքենը թույլտվություն է խնդրել, որպեսզի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերին այցելի Ադրբեջան՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Ալիև համաձայնել է այս առաջարկին, բայց մեկ պայմանով, որ «Վաշինգտոնը վերացնի ադրբեջանցի պաշտոնյաների՝ ԱՄՆ այցելելու անհիմն արգելքը»։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը նշում է, որ «Բլինքենը ընդունել է այդ առաջարկը»։

XS
SM
MD
LG