2018-ի հեղափոխությունն իրականացրած ժողովրդի ամենամեծ ակնկալիքները՝ արդարությունն ու կոռուպցիայի վերացումը, լիարժեք իրականացված չեն, այսօր Ազգային ժողովում, 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդգծելով, որ հեղափոխությունից հետո շատերն էին ակնկալում, որ տեղի է ունենալու հեղափոխական արդարադատություն՝ հրապարակներում դատավճիռներ են կայացվելու և իրականացվելու՝ այն, ինչ ֆրանսիական հեղափոխության ժամանակ անվանում էին տեռոր, Փաշինյանը շեշտեց՝ Երևանը չգնաց այդ ճանապարհով, քանի որ «ոչ թե հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն» էին արել, այլ «սիրո և համերաշխության հեղափոխություն», և խոստացել, որ «Հայաստանում վենդետաներ չեն լինելու»։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանում արդարադատությունը որոշվում է արդարադատություն իրականացնելու և հաստատելու իրավասություն ունեցող ինստիտուտներում, որոնք գործում են օրենքի ու Սահմանադրության հիման վրա։
Գործադիրի ղեկավարը հայտարարեց՝ քննչական մարմիններն ու դատախազությունը հանրությանը հաշվետու լինելիս պետք է հենվեն ոչ թե այն վիճակագրության վրա, թե քանի գործ է հարուցվել կամ ուղարկվել դատարան, այլ՝ քանի գործով է դատավճիռ կայացվել։
«Օրինակ, աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով կասկածյալների ձերբակալությունների տեսարանները և ապա այն փաստը, որ մի քանի օրից այդ նույն կասկածյալներին մարդիկ տեսնում են սրճարաններում՝ սուրճ վայելելիս, կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում հանրային գիտակցության մեջ»,- նշեց Փաշինյանը՝ շեշտելով՝ վիճակագրության ընթացիկ մեթոդաբանությունը լավ պատկերացում տալիս է շարժման մասին, բայց պատկերացում չի տալիս արդյունքների մասին։