Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) փոխանցում են, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, իր վարորդն ու ֆուտբոլային ակումբերից մեկի սեփականատերն այս պահին ձերբակալված են։
Փոխնախարարը կասկածվում է կաշառք ստանալու մեջ: Երեկ ԱԱԾ-ն հայտնեց, որ, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, Արայիկ Հարությունյանի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսվարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է և միաժամանակ՝ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:
Մրցույթներում հաղթելու դիմաց փոխնախարարն իր վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք: Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, խոսքը մեկ միլիոն դրամի մասին է:
ԱԱԾ-ն հայտնում է, որ տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Լոռեցյանի ձերբակալմանը, Աստվածաշունչը հիշեց․ - «Աստվածաշնչում մեկ բան կա գրված, լավ մեկնություն է: Ասում է՝ գայթակղություն լինելու է, բայց վա՜յ նրան, ում միջոցով կլինի: Գայթակղություն միշտ լինում ա, մարդիկ տրվում են գայթակղությունների: Ես վստահ չեմ էս մասով, էս գործի մասին չեմ ասում, ընդհանրապես եմ ասում: Գործեր էլ կլինեն, գայթակղություններ էլ կլինեն: Բա ի՞նչ, մտածում եք, որ հեղափոխություն ա էղել, մարդիկ եկել են իշխանության, բոլորը սո՞ւրբ են։ Ոչ, իրանք էլ են գայթակղվելու, լինելու են գայթակղություններ»:
Մարուքյանի խոսքով, բոլորը պիտի ողջամտություն դրսևորեն ու ադեկվատ լինեն․ - «Չպիտի տրվենք ինչ-որ էյֆորիաները, վայ-վույ, բան, քաղաքապետը սուրբ ա, կամ վարչապետը սուրբ ա: Ոչ մեկ սուրբ չի: Ո՛չ մեկ: Եվ բոլորը կարող են սխալներ թույլ տալ»:
Լոռեցյանի վերադաս նախարար Արայիկ Հարությունյանը նախ և առաջ հիշեցրեց, որ կա անմեղության կանխավարկած․ - «Բայց միևնույն ժամանակ, մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը, որ ցանկացած դեպքում, անկախ նրանից, թե տվյալ պաշտոնյան ով է, պատասխանատվություններ լինեն: Բայց կոնկրետ այս գործի մասին չխոսենք, որովհետև առայժմ միայն ԱԱԾ-ի հայտարարությունն է եղել: Ցանկացած դեպքում, երբ որ կլինի կոռուպցիա, թաթիկները կկտրվեն: Իմ ամեն երկրորդ ելույթը կոռուպցիայի մասին է, և ամենաշատ քրեական գործերը հարուցվել են մեր ոլորտում, եթե չեմ սխալվում»:
Ձերբակալված Լոռեցյանը ԿԳՄՍ փոխնախարար նշանակվել էր 2018-ի հոկտեմբերին, նա 25 տարեկան է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
Ազգային անվտանգության ծառայությունը դեռ չի հայտնել, թե ով է ձերբակալված տնտեսվարողը: Որոշ լրատվամիջոցներ երեկվանից գրում են, որ այդ անձը Հայաստանի երկրորդ լիգայում՝ առաջին խմբում հանդես եկող «Լոկոմոտիվ» ակումբի սեփականատեր Հրաչիկ Քանանյանն է, որը «Էլիտ սպորտ» ՍՊԸ-ի տնօրենն է: Այս ընկերությունը համագործակցում է նախարարության հետ, մարզահագուստ է տրամադրում:
Պետական գնումների մոնիթորինգ իրականացնող tender monitoring կայքի համաձայն, 2016-ից ցայսօր այս ընկերությունը նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ կնքել է շուրջ 315 միլիոն դրամի պայմանագիր, գնումների առարկան սպորտային հագուստն ու մարզագույքն է եղել: Ըստ այս կայքի նախարարության և այս ընկերության միջև վերջին պայմանագիրը կնքվել է նոյեմբերին՝ մոտ 10 միլիոն դրամ գումարային արժեքով։
Ի դեպ, պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Էլիտ սպորտ» ընկերության հիմնադիրը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն է։