Մատչելիության հղումներ

Թեժ քննարկումից հետո ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաքվեի» օրենքի նախագծին


Շուրջ 7 ժամ տևած թեժ քննարկումից հետո ԱԺ պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենքի նախագծին։ 58 հազար քաղաքացու ստորագրությամբ խորհրդարան հասած նախագիծն առաջարկում է քրեականացել Հայաստանի անունից Լեռնային Ղարաբաղը որևէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, ժխտելը։

«Հայաքվեի» ներկայացուցիչ Արամ Պետրոսյանի՝ քվեարկությունը հետաձգելու առաջարկը մեծամասնություն կազմող իշխանական պատգամավորները մերժեցին, ինչը զայրացրեց ընդդիմությանը։

«Քննարկման արդյունքում հեղինակը տեսնում է, որ ինչ-որ մի բան այն չի արել և կարող է վերցնել, վերամշակել, հետո նորը ներկայացնի», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը։

«Քվեարկության եք դնում, մենք ստիպված ենք արձանագրել, որ հենց կանոնակարգի խախտում է տեղի ունենում, և խնդրում ենք նաև արձանագրել, որ քվեարկության դեպքում մենք ունենք հատուկ կարծիք», - ասաց ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը։

Ընդդիմությունն իր հերթին նախաձեռնության վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ է մշակել, դրա քվեարկությունն էլ հետաձգվեց 2 ամսով՝ լրամշակման համար։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարությունը ներկայացնելիս մեջբերեց խորհրդարանի բոլոր երեք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերից որոշ հատվածներ, որոնցում ամրագրված է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը բոլոր այս երեք քաղաքական ուժերի տեսանկյունից ենթակա է պաշտպանության։

«Ստացվում է, որ ուղղակի խաբել են քաղաքացիներին, մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիրը» իր որոշմամբ է մեծ հաշվով հնարավորություն տալու այս հայտարարությունը ընդունել կամ մերժել, կամ պետք է առաջարկի նախընտրական ծրագրի և կառավարության ծրագրով ամրագրված ստանձնած պարտավորության իրականացման այլ ճանապարհային քարտեզ։ Եթե դա էլ չի անում, բնականաբար վերջին լուծումը մնում է հրաժարական և հեռացում», - ասաց նա։

Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց՝ թեև ողջունում է քաղաքացիական նախաձեռնությունը, բայց դրանում բովանդակություն չի տեսնում, հետևաբար հորդորում է դեմ քվեարկել։ Պատկերավոր լինելու համար էլ անգամ Բուլգակովի «Շան սրտից» մեջբերումներ արեց։

Մի քանի օր առաջ նախաձեռնությունը ավելի քան 5 ժամանոց հանրային լսում անցկացրեց Ազգային ժողովում։ Այսօրվա քննարկումն էլ երկար էր ու չէր տարբերվում ընդդիմություն-իշխանություն նախկին երկխոսություններից, երբ փոխադարձ մեղադրանքներ են հնչում՝ ով ինչ արեց ու չարեց նախկինում և ներկայում՝ Արցախը փրկելու համար։

Թեժ քննարկմանը զուգահեռ «Հայաքվե» նախաձեռնության անդամներն առավոտյան բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ դարպասների մոտ։

«Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը պնդում է՝ այս նախագիծը նաև պահանջ է Լեռնային Ղարաբաղը չգցել Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունների դաշտ. - «Մենք հենց դրա պատճառով ենք պարտվում, բայց ակնհայտ է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» իրեն հայտնի բացարձակ մանիպուլյատիվ ոճով փոխանակ ըստ էության անդրադառնա խնդրին, նորից ասում է՝ բոլոր մեղավորները նախկիններն են, մենք ոչ մի մեղք չունենք»։

Վաղը «Հայաքվեի» նախագիծը խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում ընդգրկել-չընդգրկելու հարցը կդրվի քվեարկության։ Իշխանականներն ասում էին՝ դեմ կքվեարկեն։
XS
SM
MD
LG