Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից ի վեր սպանվել է ավելի քան 15 և կես հազար մարդ: Այդ մասին հայտարարել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Քուդրան։
Անկախ աղբյուրները չեն կարող ընթացող պատերազմի պայմաններում պարզել այդ հաղորդագրության արժանահավատությունը:
«Իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 15 հազար 523-ի, տուժել է առնվազն 41 հազար 316 մարդ»,- ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ըստ Գազայի առողջապահության նախարարության՝ հոկտեմբերի 7-ին սկսված հակամարտության ընթացքում զոհվել է 291 բուժաշխատող, ոչնչացվել է շտապօգնության 56 մեքենա և նույնքան բուժհաստատություն:
Դեկտեմբերի 1-ի առավոտյան իսրայելյան բանակը «Համաս»-ին (Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն) մեղադրել է զինադադարը խախտելու համար և հայտարարել է ռազմական գործողությունները վերսկսելու մասին:
Նոր բախումը մեկնարկել է այն բանից հետո, երբ «Համաս»-ը հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան անսպասելի հարձակվել է Իսրայելի խաղաղ բնակավայրերի վրա:
Զոհված իսրայելցիների թիվը մոտ 1200 է: Կան հարյուրավոր պատանդներ, որոնցից տասնյակներ մի քանի օր տևած հրադադարի ընթացքում ազատ են արձակվել կալանավորված պաղեստինցիներին ազատելու դիմաց:
Արաբական և մահմեդական երկրներն Իսրայելին մեղադրում են Գազայում պատերազմի հանցագործություններ կատարելու համար և պահանջում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը:
Իսրայելը հերքում է մեղադրանքը և պնդում է, որ Գազայում պետք է հասնի առանցքային նպատակին և ամբողջությամբ ոչնչացնի ծայրահեղական «Համաս»-ի կառույցը: