Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանը դատապարտել է «Հայերի պաշտպանության ակտը»


Ադրբեջանի Միլլի մեջլիսը հատուկ հայտարարությամբ դատապարտել է ԱՄՆ Սենատի ընդունած «Հայերի պաշտպանության ակտը»։

Ադրբեջանցի պատգամավորների գնահատմամբ, այդ փաստաթուղթը «լուրջ հարված է հասցնում» Բաքվի և Վաշինգտոնի միջև հարաբերություններին։

«Միլլի Մեջլիսը վճռականորեն մերժում է ԱՄՆ Սենատում Ադրբեջանի դեմ ընդունված ակտը և այն համարում է լուրջ հարված երկու երկրների հարաբերություններին։ Սա լուրջ խոչընդոտ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի համար»,- ասված է Ադրբեջանի օրենսդիր մարմնի կողմից այսօր ընդունված հայտարարության տեքստում։

Դրանում ադրբեջանցի օրենսդիրները կարծիք են հայտնել, թե ԱՄՆ Սենատի ընդունած ակտը «երկակի ստանդարտների և ընտրովի մոտեցման վառ օրինակ է» և հայտարարել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդի դեր ստանձնած Վաշինգտոնի այդ գործողությունները «հանգեցրել են հեղինակության կորստի»։

Ադրբեջանի Միլլի մեջլիսը այդ փաստաթղթում քննադատել է ընդհանուր առմամբ ամերիկյան դիվանագիտությունը և պնդել, թե «ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լիակատար ձախողվել է»։

Նոյեմբերի 15-ին ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև, որով առաջարկվում է ԱՄՆ նախագահին երկու տարով արգելել 1992 թվականի «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրենքի («Ազատության աջակցության ակտի») 907 ենթաբաժինը շրջանցելու իրավունքից՝ կապված Ադրբեջանին տրամադրվող օգնության հետ:

1992 թվականին ԱՄՆ օրենսդիրների ընդունած «Ազատության աջակցության ակտի» 907 ենթաբաժինը սահմանել է, որ Վաշինգտոնը չի կարող Ադրբեջանին օգնություն տրամադրել, սակայն հետագա տարիներին օրենսդիրները լրամշակել են 907 ենթաբաժինը և նախագահներին թույլատրել են հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով ռազմական օժանդակություն տրամադրել Ադրբեջանին:

XS
SM
MD
LG