Բաքուն հիմա փորձում է բանակցային գործընթացները դուրս բերել արևմտյան ազդեցությունից, դրանք տեղափոխել այլ՝ Թբիլիսի, «3+3» հարթակ, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Ըստ քաղաքագետի՝ արևմտյան հարթակում որոշակի սկզբունքներ են արդեն ձևավորվել կարգավորման գործընթացի՝ մասնավորապես, սահմանային փաթեթի, ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ, և սեպտեմբերյան գործողություններից հետո որոշակի ճնշում կա Բաքվի նկատմամբ և այս ամենը դուր չի գալիս Ադրբեջանին։
«Այս հարցում Բաքվի և Մոսկվայի շահերը համընկնում են», - ասաց Գրիգորյանը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն օրերս հայտարարեց, թե խաղաղությունն ու տարածաշրջանային անվտանգությունը տարածաշրջանում են և ոչ թե Բրյուսելում, Փարիզում, Վաշինգտոնում կամ որևէ այլ վայրում։
Բաքուն հրաժարվել է վաշինգտոնյան հանդիպումից՝ ԱՄՆ-ին մեղադրելով «միակողմանի մոտեցման համար, նաև Ֆրանսիային է մեղադրում «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»՝ վերջին շրջանում փաստացի բոյկոտելով բանակցային բոլոր այն հանդիպումները, որոնց մասնակցելու էր Ֆրանսիայի նախագահը։
Ռուսական կողմը հաղորդել էր, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կարող է կայանալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Սակայն, սակայն Բիշքեկ չմեկնեցին ոչ ՀՀ արգործնախարարը, ոչ էլ վարչապետը։ Ալիևը քննադատեց Փաշինյանին, մասնավորապես շեշտելով՝ «Նիկոլ Փաշինյանը 6 ժամ անհասկանալի հանդիպման է մեկնել իսպանական Գրանադա, բայց մի քանի ժամ չի կարողացել թռչել Բիշքեկ՝ ԱՊՀ գագաթնաժողովին»։
Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․