Երևանը Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Վաշինգտոնում շարունակելու հնարավորություն է տեսնում։ Հանրային հեռուստատեսության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նաև հայտարարել է՝ «մենք գնում ենք այնտեղ, որտեղ կարևոր ենք համարում»՝ պատասխանելով հարցին՝ հայաստանցի պաշտոնյաներն ինչո՞ւ Մոսկվայում չեն բանակցում։
ԱԽ քարտուղարն ասել է՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի վերջին այցի նպատակներից մեկն էլ հանդիպում կազմակերպելն էր:
«Հայաստանը պատրաստակամ է և հուսանք, որ այդպիսի հանդիպում տեղի կունենա», - նշել է Գրիգորյանը:
Վաշինգտոնյան հարթակում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն են բանակցել։ Արտաքին գերատեսչության խոսնակ Անի Բադալյանն ասաց՝ եթե Միացյալ Նահանգներում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն լինի, կտեղեկացնեն։ Հստակություն չկա նաև առաջնորդների առաջիկա բանակցությունների հարցում։
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Գրանադայում ու Բրյուսելում անցած ամիս ծրագրված երկու հանդիպումներն այդպես էլ չկայացան, երկուսն էլ Ալիևը տապալեց։ Արտգործնախարարները վերջին անգամ եռօրյա բանակցություններ հենց Վաշինգտոնում են անցկացրել՝ հունիսի վերջին։ Ոչ պաշտոնական շփում ունեցան հոկտեմբերին տարածաշրջանային՝ «3+3» հարթակի շրջանակներում։
Մոսկվայից թե՛ առաջնորդների, թե՛ արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու առաջարկներ հնչել են, սակայն հայ-ռուսական վերջին շրջանի անթաքույց լարված հարաբերությունների ֆոնին Երևանից արձագանք չի եղել։ Արմեն Գրիգորյանը պնդել է՝ ռուսական առաջարկներից տեղյակ չէ։ Հոկտեմբերին Արտգործնախարարությունից «Ազատությանը» փոխանցել էին՝ այս տարվա հունիսի վերջից Ռուսաստանի կողմից խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր գաղափարներ չեն եղել:
«Մենք առաջնային ուզում ենք բանակցությունների գնալ այնտեղ, որտեղ պայմանավորվածություններ ենք ունեցել», - ընդգծեց Գրիգորյանը:
Հայաստանի ԱԽ քարտուղարը առաջնային է համարում եվրոպական հարթակը, վերահաստատել է՝ Երևանը պատրաստ է շարունակել բանակցություններն ու հենց այդ ֆորմատում ստորագրել խաղաղության պայմանագիրը։
Ճիշտ է՝ Ալիևի բացակայությամբ, բայց եվրոպական լիդերները Գրանադայում անցած ամիս հայտարարություն ընդունեցին, որ հայ-ադրբեջանական կարգավորումը պետք է հիմնված լինի սահմանների անձեռնմխելիության և միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, սահմանազատումը կատարվի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզներով, իսկ կոմունիկացիաները բացվեն երկրների ինքնիշխանության հարգմամբ։ Երևանը հենց այդ սկզբունքներն է կարևում խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին:
«Գրանադայի հանդիպումը տեղի չունեցավ, դրանից հետո Ադրբեջանը հայտարարել էր, որ պատրաստ է գալ Բրյուսել բանակցությունները շարունակելու և անցած ամսվա՝ հոկտեմբերի վերջին նախատեսված էր հանդիպում՝ առաջնորդների մակարդակով, բայց դա էլ տեղի չունեցավ: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունների այս ֆորմատով խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու և եթե հնարավորություն լինի, մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու: Մենք գնում ենք այնտեղ, որտեղ կարևոր ենք համարում, գնում ենք այնտեղ, որտեղ այդ պահին հնարավորություն ենք տեսնում, որտեղից մեզ հստակ առաջարկներ են եղել», - ասաց Արմեն Գրիգորյանը:
Ամիսներով ոչ միայն պաշտոնական բանակցություններ տեղի չեն ունենում, այլև՝ խաղաղության պայմանագրի նախագծերի փոխանակում։ Բաքուն նախօրեին դժգոհել է, որ չնայած մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության հավաստիացումներին՝ Երևանը երկու ամսից ավելի է հետաձգում է փաստաթղթի իր տարբերակը ներկայացնել:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը տեղեկացրել է, որ Բաքուն դեռ սեպտեմբերի 11-ին է փոխանցել իր տարբերակը, որը թվով հինգերորդն է։
«Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ», - բողոքել է Ալիևը օգնականը՝ հավելելով, թե գնդակն այժմ Երևանի դաշտում է։