Մատչելիության հղումներ

Լլոյդ Օսթին. «ԱՄՆ-ը կմնա Ուկրաինայի կողքին»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, արխիվ

«Մենք Բայդենին հաղթանակ ենք մաղթում»

Այսօր՝ ռուս-ուկրաինական պատերազմի 635-րդ օրը, Կիև է ժամանել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

Միացյալ Նահանգների օրենսդիրների շրջանում վերջին շաբաթների ընթացքում ի հայտ են եկել լուրջ տարաձայնություններ Ուկրաինային տրամադրվելիք օգնության ծավալի շուրջ: Ներկայացուցիչների տանը մեծամասնություն ունեցող հանրապետականները փորձում են խափանել Սպիտակ տան առաջարկած գումարի ընդունումը:

Գործադիրը հոկտեմբերին ներկայացրել է 105 միլիարդ դոլարի փաթեթի նախագիծ, որով պետք է ռազմական օգնություն տրամադրվի Ուկրաինային և Իսրայելին, ինչպես նաև գումար հատկացվի Մեքսիկայի հետ սահմանի ամրապնդմանը:

Հանրապետականները համառում են, և Ռուսաստանում դա արդեն որակել են որպես ռուս - ուկրաինական պատերազմից Արևմուտքի հոգնելու վկայություն, փողի պակասի և, հետևաբար, Կիևի մոտալուտ պարտության նշան, սակայն Բայդենի վարչակազմը պնդում է, որ ուկրաինացիներին ռուսական ագրեսիայի դեմ մենակ թողնելու մասին քննարկումները բացարձակապես անհիմն են:

Ուկրաինայի նախագահի նստավայրում նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդունել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին:

Բայդենն այսօր դառնում է 81 տարեկան, ինչը յուրօրինակ ռեկորդ է, քանի որ նա ԱՄՆ պատմության ընթացքում ամենատարեց նախագահն է:

Զելենսկին Օսթինի հետ հանդիպման մեկնարկին իր երախտագիտությունն է հայտնել ամերիկացի գործընկերոջը՝ Ուկրաինային անվերապահորեն սատարելու համար:

«Վերստին շնորհակալ ենք նախագահ Բայդենին: Լավագույն մաղթանքներս նրա ծննդյան օրվա առթիվ: Մենք նրան հաղթանակ ենք մաղթում, և նա կընտրի, թե որտեղ ու որ ուղղությամբ: Դա շատ կարևոր է մեզ համար, մենք շարունակում ենք ապավինել ձեր օգնությանը, շնորհակալ ենք Կոնգրեսի երկու կուսակցությունների աջակցության համար, շնորհակալ ենք Ամերիկայի ժողովրդին, որ մեզ հետ է այս դժվարին ժամանակներում», - ասել է Զելենսկին:

Ուկրաինային տալ հաջողության համար անհրաժեշտ կարողությունները

Պենտագոնի ղեկավարն, իր հերթին, նշել է, որ Ուկրաինան Զելենսկու առաջնորդությամբ պաշտպանել է ինքնիշխանությունը և քաջաբար կռվում է:

«Ուղերձը, որով ժամանել եմ, այս է՝ Միացյալ Նահանգները ձեր կողքին է և ձեզ հետ կլինի այնքան, որքան պետք է, այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում, նշանակություն ունի ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ աշխարհի համար և շատ կարևոր է Ամերիկայի համար: Միացյալ Նահանգները, դաշնակիցների և գործընկերների հետ, կշարունակի համագործակցել՝ Ուկրաինային տալու այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են հաջողության համար», - ասել է պաշտպանության նախարար Օսթինը:

Նրա խոսքով, ուկրաինացիներն աներևակայելի դիմադրություն են ցույց տալիս: Եվ իսկապես, 2022 թվականի փետրվարի 24-ին թերևս քչերը կենթադրեին, որ գերտերություն Ռուսաստանի և թվում էր թե պառակտված, տկարացած Ուկրաինայի պատերազմը կշարունակվի 635 օր:

Դեկտեմբերին Վաշինգտոնում նախատեսվում է ամերիկա-ուկրաինական ռազմարդյունաբերական խորհրդաժողով: Հետևաբար՝ կողմերը կքննարկեն նոր սպառազենի արտադրման և մատակարարման հարցեր: Հաջորդ տարվա առաջին եռամսյակում կամ ամենաուշը՝ կիսամյակում, ուկրաինացիները կստանան F-16 տեսակի ամերիկյան արտադրության առաջին կործանիչները:

Ռազմական առճակատման էպիկենտրոններից մեկը Դնեպրն է

Այսօրվա դրությամբ թեժ վիճակ է Դնեպր գետի ձախ ափին: Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի փոխանցմամբ, ուկրաինացիները շարունակում են պահել իրենց դիրքերը:

Խերսոնի շրջանում՝ ձախ ափից ուկրաինացիները զսպում են ռուսների առաջխաղացման փորձերը:

Դնեպրի աջ ափին գտնվող Խերսոնի շրջանի մի մասը ուկրաինական բանակն ազատագրել է անցյալ աշնանը։

Ռուսներն, իրենց հերթին, զեկուցում են ուկրաինացիների հակագրոհները հաջողությամբ հետ մղելու մասին:

Մահաբեր պատերազմի վերջը չի երևում

Conflict Intelligence Team կենտրոնի վերլուծաբանների փոխանցմամբ` 2023 թվականի օգոստոսի դրությամբ պատերազմում սպանվել է մոտ 82 հազար ռուսաստանցի զինծառայող, ներառյալ` «Վագներ»-ի վարձկանները, կա մոտ 220 հազար վիրավոր:

Իսկ ուկրաինացիների կորուստն, ըստ այդ կենտրոնի, 40-ից 50 հազար է, կա 170-180 հազար վիրավոր: Եվ չկա հույս, որ երբեմնի սլավոն եղբայրների պատերազմը մոտ ապագայում կավարտվի:

Լլոյդ Օսթին. «ԱՄՆ-ը կմնա Ուկրաինայի կողքին»
please wait

No media source currently available

0:00 0:04:07 0:00

XS
SM
MD
LG