Մատչելիության հղումներ

Երևանը պատրաստ էր ապահովել ադրբեջանցի պատգամավորների անվտանգությունը․ Խանդանյան


Թուրքիան, Ադրբեջան, Ռուսաստանը պարզաբանումներ չեն ներկայացրել, թե ինչու չեն մասնակցում Երևանում անցկացվող Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանին, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։

«Որպես այդպիսին պարզաբանումներ չեն ներկայացվել։ Ես գիտեմ, որ երեկ Ռուսաստանի պատվիրակությունը դիմել է Խորհրդարանական վերհաժողովի նախագահին՝ նամակով՝ ընդամենը տեղեկացնելով, որ իրենց պատվիրակությունը չի մասնակցելու այս նստաշրջանին», - ասաց Խանդանյանը՝ նշելով, որ հրավերով զբաղվել է ոչ թե Երևանն, այլ միջազգային քարտուղարությունը։

ՀՀ պատվիրակության ղեկավարը շեշտեց, որ Երևանը պատրաստ էր ապահովել ադրբեջանցի պատգամավորների անվտանգությունը:

«Բայց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի պատգամավորները չկան», - ասաց Խանդանյանը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի Ադրբեջանի պատվիրակությունը Երևանում մասնակցել է «Եվրանեստ»-ի ԽՎ-ին։

«Դա արդեն իրենց որոշելիքն է: Իսկ Թուրքիայի պատվիրակության վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք»,- ասաց նա:

Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր մեկնարկել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը:

Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն մասնակցում նիստին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG