Մատչելիության հղումներ

Հիքմեթ Հաջիևը հավատացնում է, որ «Ադրբեջանը նոր պատերազմ չի ուզում»


Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, արխիվ:
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, արխիվ:

Ադբեջանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի սկիզբը՝ սեպտեմբերի 27-ը նշում է որպես «հիշատակի օր»: Բոլոր հեռարձակող լրատվամիջոցների առաջին ռեպորտաժների թեման նախագահ Իլհամ Ալիևի և նրա տիկնոջ՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի այցն էր Բաքվում կառուցվող «հաղթանակի այգու» շինհրապարակ:

Լաչինի անցակետում ադրբեջանցի զինծառայողներն այսօր լռության րոպեով են հարգել, ինչպես Ադրբեջանում են անվանում, «շեհիդների» հիշատակը: Նախագահ Ալիևը 2020 թվականի դեկտեմբերի 2-ին է ստորագրել սեպտեմբերի 27-ը «հիշատակի օր» սահմանելու որոշումը:

Այս տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հրապարակել է սեպտեմբերի 19-ից 20-ն անցկացրած «տեղական հակաահաբեկչական գործողության» ընթացքում բանակի կորուստների թիվը:

Զոհվել է 192 մարդ, որոնցից 180-ը՝ Պաշտպանության նախարարության, իսկ 12-ը՝ Ներքին գործերի նախարարության զինծառայողներ: Բացի այդ, զոհվել է 1 քաղաքացիական անձ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել բանակի 511 զինծառայողներ և 1 քաղաքացիական անձ:

Նոյեմբերի 8-ի պողոտայի վրա կառուցվող «հաղթանակի այգու» համար մայրաքաղաքում հատկացրել են ավելի քան 8 հեկտար տարածք: Մուտքի կամարի բարձությունը կլինի 44, իսկ լայնությունը՝ 22 մետր:

Շինհրապարակ այցելած արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պնդել է, թե ադրբեջանական բանակը «սեպտեմբերի 19-ին և 20-ին միայն ռազմական թիրախներ է ոչնչացրել», նրա խոսքով, ոչ մի բնակավայր, իբր, «չի տուժել»:

«Հայաստանը երեք տարի շարունակ մերժել է Ադրբեջանի պարզած ձեռքը: Թեպետ օկուպացիայի տարիներին մեր տարածքները դատարկվել են, և քաղաքներն ու գյուղերը հողին են հավասարեցվել, անմիջապես դրանց ազատագրումից հետո Ադրբեջանի նախագահը խաղաղության կոչ է արել և ասել է, որ երկիրը պատրաստ է աշխատել խաղաղության պայմանագրի վրա ու փակել թշնամության էջը, բայց Հայաստանը և նրա աջակցությամբ գործող ապօրինի ռեժիմը դա մերժել են և կրկին սկսել են սադրիչ գործողությունների դիմել»,- պնդել է Բայրամովը:

Նրա խոսքով, 3 տարի առաջ Ադրբեջանը «վերականգնել է տարածքային ամբողջականությունն», իսկ 2023-ի սեպտեմբերի 20-ին ինքնիշխանությունն է ամբողջությամբ վերականգնել:

Այս օրերին Ադրբեջանն Արևմուտքի բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից քննադատության է ենթարկվում Լեռնային Ղարաբաղն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ պահելու, սեպտեմբերի 19-ի հարձակումը կատարելու և «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Հայաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար:

Բաքուն ի պատասխան դրան սկսել է հավատացնել, թե ագրեսիվ ոչ մի նպատակ չունի և միայն խաղաղության մասին է մտածում:

Նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը կառուցողական է ավանել նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Այդ հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի օգնականները:

«Հանդիպումը կառուցողական էր հատկապես հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն առաջ տանելու առումով: Մենք կարծում ենք, սա հիմա պատմական պահ է, և հարկ է այն օգտագործել հանուն ամբողջ տարածաշրջանի բարօրության»,- ասել է Հաջիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG