Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը վերահաստատում է՝ շարունակում է աջակցել խաղաղ բանակցություններին


Վաշինգտոնը վերահաստատում է՝ շարունակում է աջակցել խաղաղ բանակցություններին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները լուծելու համար։

Այդ մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենի խոսնակ Մեթյու Միլլերն՝ արձագանքելով Բաքվի երեկվա հայտարարությանը, թե հրաժարվում է Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումից։

«Մենք խրախուսում են կողմերին ներգրավվել այդ բանակցություններում, անկախ նրանից՝ դրանք կլինեն այստեղ, թե մեկ այլ տեղ, և դա շարունակելու է մնալ մեր քաղաքականությունը», - ասել է Միլլերը։

Երեկ Բաքուն նաև հայտարարեց, որ «Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցման հետևանքով այդ երկիրը կարող է կորցնել միջնորդի իր դերը»։

Ըստ արտաքին քաղաքական գերատեսչության՝ ԱՄՆ Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում տեղի ունեցած լսումների ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը հանդես է եկել «անհիմն հայտարարություններով»։

«Կարևոր է նշել, որ այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»,- նշվում է հայտարարությունում:

Ավելի վաղ Երևանը հայտարարել էր, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Վաշինգտոնում շարունակելու հնարավորություն է տեսնում։

Ջեյմս Օ՛Բրայանն էլ հայտարարել էր, որ առաջիկա շաբաթները որոշիչ կլինեն հայ-ադրբեջանական բանակցություններում։

XS
SM
MD
LG