Մատչելիության հղումներ

Ֆրանսիան զգոն է Հայաստանի 1991 թվականի սահմանների հարգման հարցում․ դեսպանություն


Դեսպանը՝ Թեժքար լեռան լանջին
Դեսպանը՝ Թեժքար լեռան լանջին

Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության և 1991 թվականի սահմանների հարգման հարցում, հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

Դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում նաև նկարներ է հրապարակել հետևյալ մակագրությամբ․ - «Դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայկական տարածքի ռազմավարական կետ հանդիսացող Թեժքար լեռան լանջին, Ադրբեջանի (Նախիջևանի) հետ սահմանում»։

1991 թվականի սահմաններ նշելով Ֆրանսիան նկատի ունի Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է 1991 թվականի դեկտեմբերին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո և որի մասին կրկին հիշատակվել է Պրահայի հայտարարության մեջ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերին Թբիլիսիում նշեց, որ Հայաստանը և Ադրբեջանը այն 12 երկրների թվում էին, որոնք ստորագրել են Ալմաթիի հռչակագիրը։ Այդ հռչակագրի առանցքային իմաստը հետևյալն է՝ «Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ ևՀռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները, ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը և հետևաբար Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ»:

«Մենք հույս ունենք այդ սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին ստորագրել խաղաղության համաձայնագիր և վերականգնել հարաբերությունները», - հայտարարել է Փաշինյանը:

XS
SM
MD
LG