Պաշտոնական Բաքուն դժգոհում է, որ չնայած մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին Հայաստանից հնչող հրապարակային հայտարարություններին՝ Երևանը երկու ամսից ավելի է հետաձգում է փաստաթղթի իր տարբերակը ներկայացնել:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը տեղեկացրել է, որ Բաքուն դեռ սեպտեմբերի 11-ին է փոխանցել խաղաղության պայմանագրի խմբագրված հինգերորդ տարբերակն ու բացատրական գրությունները՝ ակնկալելով պատասխան մոտ ժամանակներում։
«Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ սա պատմական հնարավորություն է, և խոչընդոտներ չկան խաղաղության պայմանագիր կնքելու համար՝ հատկապես Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումից հետո: Իսկ թե որքանով է պատրաստ Հայաստանը, այժմ էլ լուրջ հարցեր են առաջանում», - ասել է Հաջիևը՝ ընդգծելով, որ գնդակն այժմ Երևանի դաշտում է:
«Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ: Ադրբեջանի առաջարկած միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների համաձայն, խաղաղության համաձայնագրի տեքստը կարող է ավելի արագ ավարտին հասցվել ինտենսիվ երկկողմ բանակցությունների միջոցով», - հայտարարել է Իլհամ Ալիևի օգնականը:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտնել էր, որ Բաքուն նոր առաջարկներ է փոխանցել:
«Գործընթաց կա, քննարկում կա, իհարկե առերես բանակցություններ այս ընթացքում հունիսից հետո չեն եղել։ Դժբախտաբար, էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից», - ասել էր Միրզոյանը: