Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության համաժողովում հայտարարեց, թե Բաքվի քարոզած «Արևմտյան Ադրբեջան»-ի հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմի նախապատրաստություն է։ Փաշինյանը համաժողովի մասնակիցներին զգուշացրեց՝ թեև Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագիր ստորագրելուն, բայց լուրջ հարցեր են առաջացել Ադրբեջանի անկեղծության վերաբերյալ։
«Բայց դա չի սասանում մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ», - ասաց նա։
Վարչապետն ընդգծեց, որ պայմանագրի հիմքում պետք է դրվեն Բրյուսելում համաձայնեցված երեք սկզբունքները՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում քառակուսի կիլոմետրերով, անվերապահ հավատարմություն Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ և տրանսպորտային կապերի ապաշրջափակում՝ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքներով։
«Եվ եթե Ադրբեջանը չմերժի այդ սկզբունքները, դա կնշանակի, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ իրատեսական է դառնում։ Ցավոք, Ադրբեջանի նախագահը հրաժարվեց մասնակցել անցյալ ամիս Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը։ Հոկտեմբերին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը չկայացավ, և ես հաջորդ հանդիպման հրավեր չեմ ստացել Շառլ Միշելից։ Հուսով եմ, որ Եվրամիության մեր գործընկերները հավատարիմ են իրենց պարտավորություններին», - նշեց նա։
Դահլիճից Փաշինյանին արձագանքեց Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը՝ պնդելով, որ Գրանադայի բանակցությունների չեղարկումը պայմանավորված էր Փարիզի հայտարարություններով, թե զենք կմատակարարեն Երևան, բացի այդ, մերժվել էր Թուրքիայի մասնակցությունը հնգակողմ ձևաչափին։ Փաշինյանը ի պատասխան հիշեցրեց՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստանի այդ ծախսերից եռակի ավելի է։
Վարչապետը համաժողովի ամբիոնից հրապարակեց վերջին երեք տասնամյակում բռնի տեղահանված հայերի թիվը՝ 500 հազար, որից 360 հազարը 90-ականներին Սումգայիթի ու Բաքվի ջարդերի հետևանքով են փախստական դարձել, 26 հազար մարդ 44-օրյա պատերազմի հետևանքով է հեռացել Լեռնային Ղարաբաղից, իսկ լայնածավալ վերջին հարձակման և էթնիկ զտումների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 105 հազար հայեր ստիպված են եղել լքել տները. - «Բայց միջազգային հանրությունը համարժեք միջոցներ չձեռնարկեց, և մենք չենք կարող մեղադրել այն մարդկանց, ովքեր պնդում են, որ հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից տեղի է ունեցել որոշ միջազգային խաղացողների լուռ կամ կուլիսային համաձայնությամբ»։
Վարչապետը Վրաստանի պաշտոնակից Իրակլի Ղարիբաշվիլիի հետ էր մասնակցում Կովկասում խաղաղության թեմայով քննարկմանը։ Փաշինյանը ներկայացրեց Երևանի հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան երկաթուղիներով, ճանապարհներով, մալուխներով, գազատարներով կապելու հնարավորություն։