Մատչելիության հղումներ

ԵՄ ԱԳ նախարարները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության ընդլայնմանը


ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցները, Բրյուսել, 13-ը նոյեմբերի, 2023թ.
ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցները, Բրյուսել, 13-ը նոյեմբերի, 2023թ.

Եվրամիության արտգործնախարարները հավանություն տվեցին Հայաստանում տեղակայված դիտորդական առաքելությունն ընդարձակելու, Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ քննարկումներն ակտիվացնելու առաջարկին, այսօր Բրյուսելում հայտարարեց ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը։ Որոշումն ընդունվել է Արտաքին քաղաքական խորհրդի նիստում, որի օրակարգում էր նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը:

«Խորհուրդը քննարկեց՝ ինչպես աջակցել Հայաստանի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին, Հայաստանի դիմադրողականությանը, անվտանգությանն ու բարեփոխումների շարունակմանը։ Մենք որոշել ենք ընդլայնել մեր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ավելի շատ պարեկներ, ավելի շատ պարեկություն՝ սահմանի խնդրահարույց հատվածներում։ Կքննարկենք նաև Եվրոպական Խաղաղության մեխանիզմի միջոցով Հայաստանին օգնելու հնարավորությունը և վիզայի ազատականացման հնարավորությունները»,- հանդիպումից հետո հայտարարեց Ջոզեպ Բորելը։

Եվրոպական Խաղաղության մեխանիզմը գործիք է, որով Բրյուսելը միջոցներ է տրամադրում Միության անդամ չհանդիսացող երկրների պաշտպանունակությունը բարձրացնելու, հակամարտությունները կանխելու, խաղաղությունն ամրապնդերլու համար։ Այս մեխանիզմի միջոցով նախկինում ԵՄ-ից օգնություն են ստացել և ստանում են Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան։

«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանը և’ դրսից, և ներսից ապակայունացնելու ցանկացած փորձի դեպքում», - այսօրվա նիստից հետո հայտարարաեց Ջոզեպ Բորելը՝ հավելելով. - «Մեր ուղերձը Ադրբեջանին շատ հստակ է եղել՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և շատ ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի վրա։ Մենք Հայաստանին ու Ադրբեջանին բանակցությունների կոչ ենք անում, խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի, և մենք հանձնառու ենք հավատարիմ մնալ միջնորդի մեր դերին»։

Առաջիկայում արտգործնախարարների այս որոշումները պետք է դրվեն Եվրամիության կառավարության՝ Եվրահանձնաժողովի սեղանին, որն էլ պետք է առաջարկներ ներկայացնի դրանք իրագործելու վերաբերյալ։ Ակնկալվում է, որ հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ որքանով և ինչպես կարող է ընդարձակվել Հայաստանում տեղակայված դիտորդական առաքելությունը, և կամ ինչ օգնություն կարող է Երևանը Բրյուսելից ակնկալել։ Եվրահանձնաժողովի որոշումներն իրենց հերթին պետք է վավերացվեն ԵՄ անդամ երկրների կողմից։

XS
SM
MD
LG