Մատչելիության հղումներ

Արցախի պետնախարարը վստահեցնում է՝ ՀՀ կառավարության հետ քննարկումներ կան բնակիչների խնդիրների վերաբերյալ


Թեև Արցախի սահմանադրական մարմինների ղեկավարները հասարակական հիմունքներով շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոնները, բայց ոչ մի ծրագիր իրականացնել չեն կարող: Լեռնային Ղարաբաղը լքած քաղաքացիները իրենց հարցերով Հայաստանի կառավարությանը պետք է դիմեն, Արցախի Հանրային հեռուստաընկերությանը երեկ տված հարցազրույցում հայտարարել է պետնախարար Արթուր Հարությունյանը։

«Ֆինանսական ռեսուրսների բացակայության պայմաններում, բնականաբար, ծրագրեր չենք կարող իրականացնել, ամբողջությամբ մեր հայրենակիցների առողջապահական, սոցիալական, կրթական և այլ հարցերի կարգավորումները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, այսինքն՝ ամբողջ պարտավորությունը ստանձնել է ՀՀ կառավարությունը», - ասել է նա։

Արթուր Հարությունյանն Արցախի կառավարության ղեկավարի պաշտոնում երկար չաշխատեց. Ադրբեջանն Արցախի վրա հարձակվեց նրա նշանակման հաջորդ օրը։ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափվեց։ Արցախի պաշտոնյաներն անցնող մեկուկես ամիսների ընթացքում հարցազրույցներ, պարզաբանումներ հիմնականում չէին տալիս։ Երկու շաբաթ առաջ լռությունը խախտեց նախագահ Սամվել Շահրամանյանը, այժմ էլ պետնախարարը, որը վստահեցրեց, թե Հայաստանի կառավարության հետ շփումներ կան։

«Ունենք տարբեր ձևաչափերով համագործակցության հանդիպումների, քննարկումների օրակարգ, և այդ ընթացքում կարողանում ենք ապահովել մեր բնակիչների խնդիրները, ներկայացնել առաջարկների տեսքով Հայաստանի կառավարությանը, որպեսզի կարողանանք այդ սոցիալական հոգսերը թեթևացնել, կամ ծրագրերն ավելի արդյունավետ դարձնել», - նշել է նա։

Հայաստան եկած ավելի քան 100 հազար քաղաքացիները դեռևս բազմաթիվ հարցեր ունեն՝ ինչպե՞ս են վերականգնվելու իրենց փաստաթղթերը, իրենց ներկայիս բնակության վայրերում ինչպես են գրանցվելու և այսպես շարունակ։ Պետնախարարի խոսքով՝ այս պահին Հայաստանի համապատասխան գերատեսչություններին փոխանցում են տեղեկատվական բազաները. - «Կարող են խնդիրներ լինել տեղեկատվության, բազաների բացակայության պատճառով, բայց ժամանակի ընթացքում մի քանի օրվա մեջ երբ այդ բազաներն ամբողջությամբ տրամադրվեն համապատասխան գերատեսչություններին, սպասարկումն էլ, կարծում եմ, ավելի որակյալ կդառնա, և հարցերի պատասխաններն էլ ավելի հստակ կլինեն»։

Թե՛ այս սեպտեմբերին տեղահանված ու թե՛ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում հաստատված արցախցիները նպաստ - թոշակ սեպտեմբերից այս կողմ չեն ստացել։ Իշխանությունները հավաստիացնում են՝ հավանաբար դեկտեմբերի սկզբին արցախցիները կստանան հոկտեմբերի վերջին հինգ օրերի, նոյեմբերի ու դեկտեմբերի գումարները՝ անկախ իրենց որոշումից՝ փախստականի կարգավիճակով կմնան, թե Հայաստանի քաղաքացիություն կվերցնեն։

«Դրա համար տեղափոխությունը ժամանակավոր պաշտպանության կարգավիճակից, այսինքն՝ ՀՀ քաղաքացիություն ստանալը, ըստ նախնական մեր քննարկումների, պատասխանն այնպես էր, որ աջակցությունից շարունակվելու են օգտվելու բոլոր մեր այն հայրենակիցները, ովքեր սկզբնական ժամանակահատվածում ունեցել են ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ»։

Աշխատավարձերի հարցը նույնպես առայժմ լուծված չէ. ոչ սեպտեմբերի աշխատավարձն են մարդիկ ամբողջությամբ ստացել, ոչ էլ ազատվելու դեպքում հասանելիք վերջնահաշվարկի գումարները։ Պետնախարարի խոսքով՝ Արցախի կառավարությունը քաղաքացիներին պարտք է մնացել, երբ ֆինանսներ ունենան, կվճարեն։ Թե որտեղից են գումար ստանալու, պետնախարարը չմանրամասնեց։

XS
SM
MD
LG