Փախստականի կարգավիճակ ստացած արցախցիներն իրենց կենսաթոշակ - նպաստները կստանան հավանաբար դեկտեմբերի սկզբին՝ տեղեկացանք սոցապ փոխնախարար Դավիթ Խաչատրյանից:
«Ամեն ինչ ուզում ենք անել, որ դեկտեմբերի առաջին օրերին բոլորի հետ միասին այնպես անենք, որ իրենք այդ ժամանակ ստանան», - ասաց Խաչատրյանը:
Թե՛ այս սեպտեմբերին տեղահանված ու թե՛ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում հաստատված արցախցիները նպաստ - թոշակ չեն ստացել սեպտեմբերից և այդ մասին ահազանգում էին պարբերաբար:
Կառավարությունն ամեն անձին 50 հազար դրամ հատկացնելու մասին հայտարարեց, որպես այս չտրվող գումարների փոխհատուցում։ Հետո արդեն հոկտեմբերի 26-ի կառավարության նիստն էր, որտեղ արցախցիներին ժամանակավոր պաշտպանության, փախստականի կարգավիճակ տրվեց՝ փոխվարչապետի, արտգործնախարարի ելույթներից հասկանում ենք՝ մոտեցումն այն է, որ կենսաթոշակ ստանալու համար արցախցիները պիտի Հայաստանի քաղաքացիություն ստանան:
«Ովքեր կցանկանան կենսաթոշակային իրենց իրավունքը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված մեխանիզմներին, կարող են դիմել քաղաքացիության համար, ստանալ համապատասխան հաստատումներ, և հետո արդեն օրենքի ուժով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրվող պարզաբանումներով մենք արագ ընթացակարգերով կապահովենք ու կերաշխավորենք նաև կենսաթոշակների վճարումն՝ ըստ մեղանիզմի», - ասել է փոխվարչապետը:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հստակեցրեց ու փոխվարչապետից ստացավ «միանգամայն ճիշտ եք» հաստատումը:
«Մարդիկ այս կարգավիճակն ունենալով արդեն պետք է ընտրություն կատարեն, իրենք ունեն իրավունք դիմել՝ ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ դրանից բխող բոլոր հավելյալ իրավունքներով ու պարտականություններով, այդ թվում նաև կենսաթոշակ ստանալու, բայց նաև, ըստ էության, որքան ես եմ հասկանում, օրինակ, քաղաքացի դառնալով և եթե կենսաթոշակային տարիք կա ու այդպիսի իրավունք կարող է ծագել, կենսաթոշակ ստանալով այլևս փախստականին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը, կարծում եմ, որ տեղին չի լինի», - ներկայացրել է Միրզոյանը:
Սոցապ փոխնախարար Դավիթ Խաչատրյանին հարցրինք՝ կառավարության մոտեցումը փոխվե՞լ է, ասում էին՝ արցախցիները թոշակ ստանալու համար պիտի քաղաքացիություն ստանան կամ բավարարվեն փախստականին տրվող աջակցությամբ:
«Էդ ամեն ինչն օրենքում է ամրագրված, այսինքն, այս ընթացքում օրենք չի փոխվել և դա տարիներ շարունակ գործել է», - պատասխանեց Խաչատրյանը:
Ի դեպ՝ այդ նիստին սոցապ նախարարն էլ էր մասնակցում, որևէ ճշտում, հստակեցում չներկայացրեց։ Հայաստանի օրենսդրությամբ ոչ միայն ՀՀ քաղաքացիները, նաև փախստականերն ունեն նպաստ, կենսաթոշակ ստանալու իրավունք... Այժմ արցախցիները դեկտեմբերին կստանան հոկտեմբերի միայն 5 օրվա, նոյեմբերի ու դեկտեմբերի գումարները, չեն ստանա հոկտեմբերի ամբողջական գումարը։
«Հոկտեմբերի 25-ից հետո ձեռք բերված իրավունքի ուժով կհաշվարկենք, կվերահաշվարկենք ու այդ ժամանակահատվածից սկսած կտրամադրենք կենսաթոշակները», - ասաց փոխնախարարը:
Ինգա Սարգսյանը սեպտեմբերից չի ստացել անկողնուն գամված 17-ամյա դստեր հաշմանդամության թոշակը. - «Էդ թոշակը ստանում եմ իրա դեղերն եմ առնում, ոչ մի բանի վրա չեմ ծախսում, մի քիչ էլ ավել դնում եմ, առնում»:
Երեք տարի առաջ Ադրբեջանի հսկողության տակ անցած Ավետարանոց գյուղից է տեղահանվել Ինգայի ընտանիքը։ Մեծամորում, փայտե մի տնակում են ապրում... ոչ միայն թոշակին, նաև նպաստին է սպասում շուրջ 140 հազար տեղահանվածների հետ: