Մատչելիության հղումներ

Հունգարիայի վարչապետը սպառնում է արգելափակել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ողջունում են միմյանց, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ողջունում են միմյանց, արխիվ

Հունգարիայի վարչապետը սպառնում է արգելափակել Ուկրաինայի ապագա անդամակցությունը Եվրամիությանը: Վիկտոր Օրբանն այդ մասին հայտարարել է այսօր՝ պնդելով, թե պատերազմի մեջ գտնվող երկիրը չի կարող աշխարհի ամենամեծ առևտրային դաշինքի անդամը դառնալ:

«Ուկրաինան ոչ մի կերպ պատրաստ չէ բանակցությունների», - ասել է Օրբանը, հավելելով. - «Հունգարիայի հստակ դիրքորոշումն այն է, որ բանակցությունները չպետք է սկսվեն»:

Չորեքշաբթի օրը Եվրահանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններին՝ պայմանով, որ Կիևը կատարի մի շարք բարեփոխումներ։ Մեկ ամսից՝ դեկտեմբերի կեսերին արդեն, այդ հարցը պետք է քննարկեն ԵՄ առաջնորդները։ Որևէ երկրի ԵՄ անդամակցության պաշտոնական հրավեր ուղարկելու համար անհրաժեշտ է կոնսենսուս դաշինքի բոլոր անդամների միջև, և նույնիսկ մեկ երկրի անհամաձայնությունը կարգելափակի գործընթացը։

Օրբանի կառավարությունը, որը սերտ կապեր ունի Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ավելի վաղ հրաժարվել էր նաև Ուկրաինային զենք մատակարարել, ինչպես նաև սպառնացել էր վետո դնել Կիևին ԵՄ ֆինանսական օգնության փաթեթների վրա։

Մյուս կողմից, Հունգարիան տևական ժամանակ քննադատվում է ԵՄ կողմից՝ օրենքի գերակայության և մարդու իրավունքների չափանիշների ենթադրյալ խախտումների համար, ինչի պատճառով Բրյուսելը սառեցրել է միլիարդավոր եվրոների ծրագրեր։ Օրբանը հերքում է, թե Ուկրաինայի հարցում իր կոշտ դիրքորոշմամբ փորձում է ազդել Եվրամիության վրա ու ստանալ այդ ֆինանսական միջոցները։

Հունգարիայից բացի, ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցություններին կարող է խոչընդոտել նաև հարևան Սլովակիան: Այդ երկրի նորընտիր վարչապետ Ռոբերտ Ֆիցոն սպառնացել է չեղարկել Սլովակիայի ռազմական աջակցությունը Կիևին՝ Ուկրաինան դասելով «աշխարհի ամենակոռումպացված երկրների շարքում»:

Եվրահանձնաժողովը ևս չորեքշաբթի օրը տված հանձնարարականում նշել էր, որ ԵՄ անդամակցության շուրջ Կիևի հետ բանակցությունները պետք է սկսվեն միայն այն ժամանակ, երբ Կիևը գործուն քայլեր կանի կոռուպցիայի դեմ և կփարատի մտահոգությունները ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում։

Եվրամիության գործադիր մարմինը միաժամանակ դրվատել էր Ուկրաինային՝ փաստելով՝ պատերազմի մեջ ներքաշված երկրի կառավարությունը «ցուցաբերել է ինստիտուցիոնալ ուժի ու վճռականության ուշագրավ մակարդակ»:

XS
SM
MD
LG