Մատչելիության հղումներ

Վիկտոր Օրբան. «Անհիմն է ԵՄ հաշվարկը Ռուսաստանի պարտության և ղեկավարության փոփոխության վերաբերյալ»


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Աստանա, 3 նոյեմբերի, 2023թ.
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Աստանա, 3 նոյեմբերի, 2023թ.

Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանի պարտության և Մոսկվայում ղեկավարության փոփոխության վերաբերյալ Եվրամիության առաջնորդների հաշվարկներն անհիմն են՝ Եվրոպային այլ ռազմավարություն է պետք։ Այդ մասին Աստանայում Թյուրքալեզու պետությունների 10-րդ գագաթնաժողովում ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Խոսելով ուկրաինական հակամարտության մասին՝ նա «լիակատար ձախողում» է անվանել ԵՄ առաջնորդների այդօրինակ ռազմավարությունը։

«Նրանք կարծում են, թե Ուկրաինան կհաղթի, իսկ Ռուսաստանը կպարտվի, ինչից հետո Ռուսաստանում ղեկավարություն կփոխվի, և նրանք կբանակցեն Ռուսաստանի նոր ղեկավարության հետ: Սա ձախողված ծրագիր է: Այն շատ հավակնոտ է, բայց չի աշխատի»,- ասել է Օրբանը:

Այնուամենայնիվ, նրա խոսքով, Եվրամիությունում դեռ ենթադրում են, որ ռուս-ուկրաինական զինված հակամարտությունը պետք է շարունակվի։

«Եվրամիության առաջնորդները ցանկանում են, որ Ուկրաինան շարունակի պայքարը, և զենք ու փող են տալիս Ուկրաինային»,- ասել է Օրբանը, նշելով, որ այդ ռազմավարությունը հիմնավորված չէ:

Հունգարիայի վարչապետի խոսքով, Բուդապեշտը «Բ» ծրագրի կողմնակից է: Այն ենթադրում է հրադադարի ռեժիմ և խաղաղ բանակցություններ։

«Մենք կոչ ենք անում կառուցել եվրոպական անվտանգության նոր ճարտարապետություն, որն ընդունելի կլինի թե՛ Ռուսաստանի և թե՛ Ուկրաինայի համար»,- ասել է Օրբանը:

Բացի այդ, նա Աստանայում վստահություն է հայտնել, որ «եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությունը կներառի Թուրքիան, և դա դրական ազդեցություն կունենա ամբողջ թյուրքական աշխարհի համար»։

«Առանց Թուրքիայի Եվրոպայում անվտանգություն չի կարող լինել», - ընդգծել է Հունգարիայի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG