Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, նոր քայլեր անում


Բաքուն կրկին խոսում է «Արևմտյան Ադրբեջան»` ներկայիս Հայաստանի տարածք վերադառնալու մասին, ու նոր քայլ անում այդ ճանապահին: Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են հաղորդում, այսօրվանից «Արևմտյան Ադրբեջանում» ծնվածների անձը հաստատող փաստաթղթում պաշտոնապես նշվելու է նրանց ծննդավայրի «պատմական տեղանունը»։ Փոփոխության մասին հայտարարվել է խորհրդարանում, որտեղ այսօր հատուկ լսումներ են անցկացվում «Արևմտյան Ադրբեջանի տեղանունները․ պատմության խեղաթյուրումից մինչև արդարության վերականգնում» թեմայով։

«Մենք կվերադառնանք, այընտրանք չկա», ֊ հայտարարել է «Արևմտյան Ադրբեջան համայնքի» վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեկբերլին, ում խոսքով՝ համայնքը նաև իրենց պատմական հայրենիքի էլեկտրոնային քարտեզն է պատրաստել, որտեղ նշված են թյուրքական ծագում ունեցող, հնամենի տեղանունները:

Քննարկման մեկ այլ մասնակից` Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Իսա Ղաբիբեյլին էլ 400֊ից ավելի գյուղերի մասին է խոսել, պնդելով, թե հայերը ոչ միայն փոխել են «Արևմտյան Ադրբեջանում» գտնվող 449 գյուղերի անուններ, այլև իսպառ դրանք ջնջել պատմությունից»: Հայտարարվել է, որ հիմա Աշխարհագրության ինստիուտը «Արևմտյան Ադրբեջանի» տեղանունների էլեկտրոնային շտեմարան է ստեղծում:

Ի դեպ, սա շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ միջոցառումն է «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով: Օրեր առաջ էլ նույն հարցին նվիրված խորհրդաժողով էր հրավիրվել Ստամբուլում` Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության ու «Ալթինբաշ» համալսարամի նախաձեռնությամբ:

Պատմական արդարությունը վերականգնելու, ինչպես իրենք են ասում՝ «Արևմտյան Ադրբեջան»՝ Սյունիք ու Երևան վերադառնալու մասին նախագահ Ալիևը հրապարակավ խոսեց անցած տարվա դեկտեմբերի 24-ին` իր ծննդյան օրը։ Ադրբեջանի առաջնորդը պնդել էր` նախորդ տարիներին սովորություն ուներ այդ օրն անցկացնել Ղարաբաղից ու շրջակա տարածքներից տեղահանվածների հետ, խոստանալով, որ նրանք մի օր ծննդավայր կվերադառնան: «Հիմա նույնը ձեզ եմ ասում», - ասել էր նա` դիմելով «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչներին:

«20-րդ դարի սկզբին թվագրված քարտեզները ցույց են տալիս, որ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի պատմական հողն է, քաղաքների և գյուղերի անունները ադրբեջանական ծագում ունեն, և մենք լավ գիտենք, որ ադրբեջանական ժողովուրդը պատմության ընթացքում ապրել է այսօրվա Հայաստանի տարածքում։ Կանխատեսում եմ, որ Հայաստանում կրկին հիստերիա է սկսվելու, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել և այլն։ Ոչ։ Մենք ցանկանում ենք դա անել խաղաղ ճանապարհով։ Մենք ցանկանում ենք ապահովել մեր իրավունքները խաղաղ միջոցներով և միջազգային կոնվենցիաներով», - ասել էր նա:

Ալիևի այս ելույթից հետո, արդեն շուրջ մեկ տարի, գրեթե ամեն շաբաթ ադրբեջանական լրատվամիջոցներն այս թեմայով հաղորդումներ ու հարցազրույցներ են հրապարակում:

Զուգահեռ, երեկ Ադրբեջանի Ճարտարապետության և շինարարության համալսարանում տեղի է ունեցել «Հին Երևան. յուրաքանչյուր քար հուշարձան է» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Միջոցառմանը, որի նպատակն էր, ըստ կազմակերպիչների, երիտասարդներին տեղեկություններ հաղորդել Երևանի` «հին ադրբեջանական քաղաք» լինելու մասին, ոչ միայն ուսանողներ են մասնակցել, այլև` պատերազմի մասնակիցներ ու զինվորականներ:

Պետական աջակցությամբ անցկացվող խորհրդաժողովների մշտական մասնակից, քաղաքագետ Թոֆիկ Աբասովն էլ նախօրեին պնդել է` իրենց «պատմական հայրենիք» ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է ներառվի Եվրախորհրդի օրակարգում, և այդ ուղղությամբ լուրջ աշխատանքի տարվի:

Անցած շաբաթ, ի դեպ, Բաքու կատարած այցի ժամանակ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը ի թիվս պաշտոնյաների հանդիպել էր նաև «Արևմտյան Ադրբեջան համայնքի» ներկայացուցիչների հետ, ովքեր, ըստ պաշտոնական հաղորդագրության, պնդել էին` պատրաստ են երկխոսել Հայաստանի իշխանությունների հետ` «իրենց վերադարձի հարցը խաղաղ ու արդարացի լուծելու համար»:

Ադրբեջանական Միլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը երեկ ասել է, թե այդ հարցը կարող է արտացոլվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առաջիկայում ստորագրվելիք խաղաղության պայմանագրում:

Պաշտոնական Երևանը, մինչդեռ, մտացածին է որակում «Արևմտյան Ադրբեջան» անվանումն ու տարածքային պահանջներ տեսնում Բաքվից հնչող այս հայտարարությունների տակ:

«Ադրբեջանի տարածքային ակնկալիքներն ու հանցավոր գործողությունները պետք է զսպել պատժամիջոցների կիրառմամբ», - այսօր ասել է իշխող ուժի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը` Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ: «ԵՄ-ում, ցավոք, չկա միասնական կոնսենսուս պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ», - արձագանքել է գերմանացի պաշտոնյան:

Ադրբեջանը փաստաթղթերում կամրագրի «Արևմտյան ադրբեջանցիների» ծննդավայրը
please wait

No media source currently available

0:00 0:05:28 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG