Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա


Բրյուսելյան եռակողմ հանդիպումներից, արխիվ
Բրյուսելյան եռակողմ հանդիպումներից, արխիվ

Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: Այս մասին հայտարարեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հեռավար մասնակցում էր Երևանում ընթացող «ԱՊՐԻ Արմենիա»-ի «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանեց ժամանակի սղությամբ. - «Հավատում եմ, որ փոքր-ինչ ուշացման խնդիր է, այլ ոչ թե այլ բան»:

«Մեր նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Ալիևը, մենք փորձում ենք հիմա Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում», - ասաց Կլաարը` հնարավոր նոր ժամկետներ չնշելով:

«Չնայած դանդաղ ընթացքին՝ հավատում ենք, որ արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի», - ընդգծեց եվրոպացի դիվանագետը:

«3+3» ձևաչափի վերաբերյալ, որի շրջանակում երկու օր առաջ Թեհրանում կայացավ արտգործնախարարների հանդիպում, Կլաարն ասաց, որ թեև այն խնդիրը լուծող չէ, սակայն կարող է օգտակար լինել՝ «հակասություն չկա»:

Հարցին էլ՝ եթե նոր հարձակում լինի Հայաստանի վրա, ինչպե՞ս կարձագանքի Եվրամիությունը, ԵՄ ներկայացուցիչը պատասխանեց՝ «հիպոթետիկ հարցերը վտանգավոր են, գլխավոր ուղենիշ պետք է ընդունել ինքնիշխան պետությունների սահմանները»:

Մինչև ամսվա վերջ Բրյուսելում հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ամսվա սկզբին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մասնակցել:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG