Մատչելիության հղումներ

Մոսկվան «պատրաստ է օգնել գործնականում սկսել սահմանազատումը»


Իրան - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման ժամանակ, Թեհրան, 23-ը հոկտեմբերի, 2023թ.
Իրան - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման ժամանակ, Թեհրան, 23-ը հոկտեմբերի, 2023թ.

Հայ - ադրբեջանական հակամարտությունը մեծ հաշվով լուծված է, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը այսօր Թեհրանում, որտեղ անցկացվում էր «3+3» ձևաչափով նախարարների առաջին հանդիպումը:

«Երկու երկրներն էլ համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, իսկ դա գլխավոր չլուծված հարցն էր, այժմ մնում է գործնական քայլեր իրականացնել հարաբերությունների լիակատար կարգավորման ուղղությամբ, առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի պատրաստման, սահմանազատման, տրանսպորտային և տնտեսական կապեր հաստատելու ուղղությամբ, ինչպես ասվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ընթացքում», - նշել է Սերգեյ Լավրովը:

«Հայ - ադրբեջանական հարաբերությունների այս ասպեկտներն ուղղակիորեն «3+3» ձևաչափում չեն քննարկվում, <...> բայց հավելյալ հարթակն ինքնին, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը ներկա են և որն ընդհանուր առմամբ տարածաշրջանում դրական միտումների զարգացմանն է ուղղված, օբյեկտիվորեն օգնում է լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև մնացած հարցերը», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ինչ վերաբերում է դելիմիտացիային, ապա, ըստ Լավրովի, «դրան Մոսկվայի, Բաքվի և Երևանի առանձին պայմանավորվածություն էր նվիրված»:

«Հայերն ու ադրբեջանցիները պայմանավորվել էին ստեղծել դելիմիտացիայի հարցով առանձին հանձնաժողով, որի աշխատանքներին նրանց համաձայնությամբ կմասնակցի նաև Ռուսաստանը` որպես խորհրդատու: Ցավոք սրտի, երկար ժամանակ հանձնաժողովը չէր հավաքվում...», - նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը՝ շարունակելով. - «Վերջին տարում հատկապես Եվրոպական միության ու նաև Միացյալ Նահանգների կողմից եղել են փորձեր այդ գործընթաց ներթափանցելու: Մենք դեմ չենք այն բոլոր շփումներին, որ հայերն ու ադրբեջանցիներն իրենց համար օգտակար կհամարեն, բայց բոլոր փորձագետներին շատ լավ հայտնի է, որ դելիմիտացիան քննարկելու և համաձայնեցնելու համար անհրաժեշտ ամեն ինչ, ներառյալ առաջին հերթին Խորհրդային Միությունից մնացած քարտեզները, գտնվում են միայն Ռուսաստանի Դաշնության մոտ»:

«Գործընկերները դա հասկանում են, մենք չենք փորձում դա մեծ խնդիր դարձնել, թող նրանք բախտը փորձեն նաև Բրյուսելում, եթե նման ցանկություն ունեն, բայց մենք միշտ պատրաստ ենք օգնել իրականում՝ գործնականում սկսել սահմանազատումը», - վստահեցրել է Սերգեյ Լավրովը:

XS
SM
MD
LG