Մատչելիության հղումներ

Հայտնի են Երևանի քաղաքապետի տեղակալների թեկնածուները


Հայտնի են քաղաքապետ Տիգրան Ավինյանի տեղակալների թեկնածուները։ Հաջորդ հինգշաբթի Երևանի նորաստեղծ ավագանին կհավաքվի նրանց նշանակումը հաստատելու համար։

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբի պետ Արմեն Փամփուխչյանն առաջին փոխքաղաքապետի թեկնածուն է։ Քաղաքապետը երեք այլ տեղակալներ էլ կունենա. երկուսը՝ իշխող թիմից, մեկն էլ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած «Հանրապետությունից»։

Ավելի քան կես տարի քաղաքապետի պաշտոնակատար աշխատած, բայց այդպես էլ հանրությանն անհայտ մնացած Լևոն Հովհաննիսյանն ու տեղակալի պաշտոնում հիմա էլ աշխատող Սուրեն Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուներն են։ Ընտրություններում «Հանրապետության» ցուցակի երկրորդ համար Սարգիս Մադաթյանն էլ իշխող իշխող թիմի հետ համագործակցող ուժի ներկայացուցիչն է։

Ո՞վ է Սարգիս Մադաթյանը. նախընտրական շրջանում նա իրեն մեկ արտահայտությամբ է բնութագրել՝ «էրեբունցի տղա», որի սիրելի քաղաքական գործիչը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանն է։ Նրա մասին շատ տեղեկություններ չկան։ Թե որ ոլորտներն է համակարգելու Մադաթյանը, «Հանրապետությունը» դեռ չի մանրամասնում։

Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրելուց հետո «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հանրապետությունը» Երևանի կառավարումը միասին իրականացնելու հուշագիր ստորագրեցին։ Քաղաքային իշխանությունները դեռ չեն պարզաբանում, թե քանի այլ պաշտոն կունենա «Հանրապետությունը» և որ վարչական շրջանների ղեկավարումը կիրականացնի։

Ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորած Արտակ Զեյնալյանն ասում է՝ պայմանավորվածություններն առայժմ չեն բացահայտնի՝ դրանք հստակեցվում են։

Մամուլում, սակայն, արդեն իսկ անուններ են շրջանառվում, գրում են՝ Դավթաշենի, Մալաթիա-Սեբաստիայի ու Նոր Նորքի թաղապետերը «Հանրապետությունից» կլինեն։ Արտակ Զեյնալյանը միայն տեղեկացրեց՝ խմբակցության ղեկավարը Անի Խաչատրյանն է լինելու, ինքն ավագանու անդամ կլինի։

Աննախադեպ ցածր՝ 28 տոկոս մասնակցությամբ ընտրված ավագանիում «Քաղաքացիական պայմանագիրը» 24 մանդատ ունի, «Հանրապետությունը»՝ 8։ Տիգրան Ավինյանը քաղաքապետ ընտրվեց նրանց ձայների շնորհիվ։ Մյուս երեք ուժերը միասին ավելի շատ՝ 33 մանդատ ունեն։ Քաղաքապետի ընտրությունը չէր կայանա, եթե հետախուզման մեջ գտնվող նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» բոյկոտեր այդ նիստը։

Քաղաքապետի տեղակալների նշանակումը քվեարկությամբ է իրականացվում։ Հինգշաբթի նշանակված նիստում եթե կողմ ձայները գերազանցեն դեմ քվեներին, «Քաղաքացիական պայմանագրի» ու «Հանրապետության» ներկայացուցիչները տեղակալներ կդառնան։

XS
SM
MD
LG