Մատչելիության հղումներ

«Հանրային ձայն»-ը չի պատրաստվում բոյկոտել Երևանի նորընտիր ավագանու նիստը


«Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյան, արխիվ
«Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյան, արխիվ

Կունենա՞ Հայաստանի մայրաքաղաքը նոր քաղաքապետ, թե՞ Երևանը կրկին ընտրությունների կգնա։ Հոկտեմբերի 10-ին նոր ձևավորված ավագանու առաջին նիստն է, հենց այդ օրը պետք է քաղաքապետ ընտրեն։

Ընդդիմությունն այդպես էլ միասնական թեկնածուի շուրջ համաձայնության չեկավ, և եթե բոլոր ուժերը վարվեն ճիշտ այնպես, ինչպես արդեն հայտարարել են, Տիգրան Ավինյանի քաղաքապետ դառնալուն, ըստ էության, այլևս ոչինչ չի խանգարի։ Ամեն ինչ մեկ մարդու որոշումից էր կախված, նա երեկ հստակեցրեց իր դիրքորոշումը. - «Երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի»։

Իր թունդ հայհոյանքներով հայտնի նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը, որի գլխավորած ուժը ամենաքիչ՝ 7 մանդատ կունենա ավագանիում, նոր ընտրությունների գնալ չի պատրաստվում․ - «Որ ընկնել քուչա-քուչա, քարոզարշավ անել՝ ես դա ոչ ընդունում եմ, ոչ էլ երկրորդ անգամ տենց բան անող եմ»։

«Հանրային ձայն»-ի առաջնորդի այս հայտարարությունն, ըստ էության, նշանակում է՝ իր ղեկավարած ուժը չի բոյկոտելու ավագանու նիստը։ Իսկ դա միակ խոչընդոտն էր, որ մյուս ուժերն առանց բացարձակ մեծամասնության կարողանան քաղաքապետ ընտրել։ Ինքը՝ Ղուկասյանը, հետախուզման մեջ է, մի շարք մեղադրանքներ են ներկայացված նաև նրա թիմակիցներին։

«Ռոբասերժական կլանը չպիտի իր դիրքերն ամրապնդի։ Ես՝ որպես ընդդիմություն, ես ավելի նախընտրում եմ, որ սրանք չամրապնդվեն», - հայտարարեց Վարդան Ղուկասյանը։

Հիմա, եթե «Հանրային ձայն»-ը «Քաղաքացիական պայմանագրի» ու «Հանրապետության» հետ գնա հոկտեմբերի 10-ի նիստին ու միայն մեկ թեկնածու առաջադրվի, նրան քաղաքապետ դառնալու համար անհրաժեշտ կլինի 27 ձայն։

Անցած ամսվա քվեարկությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը 24 մանդատ ունի ավագանիում՝ նրանց պակասում է ևս երեք ձայն։ Այս դեպքում առանցքային է, թե ինչպես կքվեարկի Արամ Սարգսյանի «Հանրապետություն»-ը։ Այս կուսակցության ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը նախօրեին «Ազատությանը» հայտնեց՝ թեկնածուի հարցով որոշում չունեն, բայց հստակ է՝ կմասնակցեն նիստին։

Սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքով երկրորդ տեղը զբաղեցնող՝ 14 մանդատ ստացած «Ազգային առաջընթաց»-ը՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, օրերս հայտարարեց՝ խմբակցությունը հոկտեմբերի 10-ի նիստին չի մասնակցելու, որպեսզի նոր ընտրություններ անցկացվեն։ Ավագանիում 12 մանդատ ունեցող «Մայր Հայաստան»-ը ևս նույն կարծիքին է՝ ընդդիմադիր թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում նախընտրում են չներկայանալ նիստին։

XS
SM
MD
LG