Մատչելիության հղումներ

«Հանրային ձայն»-ի նախագահի կինն ազատ է արձակվել. ՔԿ-ից հերքում են, թե դա կապ ունի քաղաքապետի ընտրությունների հետ


Օրերս կալանքից ազատ է արձակվել Վարդան Ղուկասյանի առաջնորդած «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի կինը, որ մեղադրվում է հանցավոր խմբի կազմում թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն օժանդակելու համար։ Ինքը՝ Արտակ Գալստյանը, որ ավագանու անդամ է, դեռ կալանքի տակ է։

Հենց նրա ուժն էր, որ վճռորոշ դեր ունեցավ իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանի քաղաքապետ ընտրվելու հարցում, երբ «Հանրային ձայնի» մասնակցության շնորհիվ հոկտեմբերի 10-ի նիստում քվորում ապահովվեց։ Վեներա Գալստյանը ազատ էր արձակվել դրանից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 7-ին։

Քննչական կոմիտեի խոսնակը պարզաբանում է՝ հերթական անգամ դատարան էին դիմել՝ երկարաձգելու Վեներա Գալստյանի կալանքը, բայց դատավոր Արամ Գրիգորյանը մերժեց իրենց միջնորդությունը։ Գոռ Աբրահամյանը հերքում է կասկածները, թե ազատ արձակումը կապ ունի քաղաքապետի ընտրությունների հետ։

«Ոչ, նման բան չի կարող լինել, երկու վարույթներով էլ նախաքննությունը ինտենսիվ շարունակվում է և որևէ աղերս քաղաքական ցանկացած պրոցեսի հետ այս ամենը չունի: Ունենք 5 կալանավորված անձ կոնկրետ այս գործով, և նրանց բոլորի ժամկետների հետ կապված հերթականությամբ գալիս է և միջնորդություններ ներկայացվում են: Առաջիկայում էլ ենք ունենալու», - ասաց Աբրահամյանը:

Քննչական կոմիտեի հետ համակարծիք է նաև Վեներա Գալստյանի փաստաբանը։ Հայկ Սարգսյանը փոխանցեց՝ դատավորը պարզապես այլևս խոչընդոտ չտեսավ պաշտպանյալին ազատ արձակելու հարցում։

Եթե ամիսներ առաջ դատավորը եզրահանգել էր, որ համացանցում թմրամիջոցների իրացմանը և խոշոր գումարի լվացմանը օժանդակելու համար մեղադրվող Վեներա Գալստյանը ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը, ապա ամիսներ անց այս կասկածը էլ չկա։

«Խոչընդոտելու հիմքով էր կալանավորվել, հիմա արդեն էդ հիմքն էլ է չեզոքացվել, երբ որ կատարվում է նախաքննություն, որոշակի փուլում այդ մարդու սկզբնական կալանքի հիմքերը վերանում են: Իր ամուսինը կուսակցության նախագահն է, բայց կինն ի՞նչ կապ ունի կուսակցության հետ կամ եթե վերցնենք օգնում են կամ չեն օգնում, ես դա չգիտեմ՝ «Հանրային ձայնն» իշխանությանն օգնում է, թե՝ չէ, ընդունենք օգնել է կամ չէր օգնում, որ չէր օգնում, էդ կինը պետք է մնար կալանքի տա՞կ: Իմ կարծիքով՝ 4 ամիսը քիչ ժամանակ չի», - նշեց Սարգսյանը:

Վարդան Ղուկասյանը ևս հերքում է կասկածները, թե իրենց օգնության դիմաց իշխող ուժը իր թիմակիցներին լավություն է արել

«Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, ծանր հանցանքների համար հետախուզվող Վարդան Ղուկասյանին այս թեման շատ է զայրացրել։ Երեկ նա իր 11 րոպեանոց եթերի ընթացքում հերքում էր կասկածները, թե իրենց օգնության դիմաց իշխող ուժը իր թիմակիցներին լավություն է արել։ Ընդհակառակը, ասում էր Ղուկասյանը՝ իր ու Արտակ Գալստյանի մեղադրանքը ծանրացրել են, ինչո՞ւ այս մասին չեք խոսում:

«Նույն էդ մամուլը չի գրում, որ «Հանրային ձայն» կուսակցության երեք անդամների կալանքն այսօր նորից երեք ամսով ավելացավել է: Արտակի կնգա համար ես պիտի գնայի քաղաքապետ ընտրեի՞», - նշեց Ղուկասյանը:

Այնինչ ընդդիմադիր Հայկ Մարությանի առաջնորդած քաղաքական ուժից հակադարձում են՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ «Հանրային ձայնը», որը Մարությանին իր քվեն խոստանում էր միայն պաշտոնների դիմաց, օրեր անց որոշեց օգնել Ավինյանին։ Ինչի՞ հաշվին, հարցնում է Մարությանի ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը՝ հիշեցնելով՝ Ղուկասյանը նախընտրական և հետընտրական շրջանում կոշտ բառապաշարով քննադատում էր նաև իշխանական թեկնածուին:

«Ի՞նչ պահանջներ է դրել Տիգրան Ավինյանի և ՔՊ-ի առաջ և ի՞նչ է ստացել նրանցից, փաստացի, նրանց սատարելու, աջակցելու համար: Տիգրան Ավինյանը քաղաքապետ է դարձել Ղուկասյանի ավագանու անդամների՝ նիստին մասնակցության շնորհիվ, սա լեգիտիմ հարց է, որը պետք է հուզի, հետաքրքրի հանրությանը և որի պատասխանները պետք է տան Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն» կուսակցությունը և կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը», - ասաց Հակոբյանը:

Ի՞նչ առևտուր, այսօր իր երդմնակալությունից հետո լրագրողներին էր հավաստիացնում նաև նորընտիր քաղաքապետ Ավինյանը։

«Հարցերը, որոնք վերաբերում են քրեական դատավարություններին, քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց, մենք դա չենք կարող առհասարակ առևտրի առարկա դարձնել, որովհետև առհասարակ մենք այդ դաշտ չենք էլ մտնում և դա, կարծում եմ, բազմաթիվ անգամներ ապացուցել ենք», - ընդգծեց Ավինյանը:

Արտակ Գալստյանն ու նրա կինը նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի միակ մտերիմները չեն, որ մեղադրյալի աթոռին են։ Անազատության մեջ են նաև Ղուկասյանի քույրերը, ավագանու նախընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Տիգրան Ուրիխանյանը հետախուզվում է։ Թե որտե՞ղ է Վարդան Ղուկասյանը պարզ չէ, ամիսներ տևող հետախուզումը արդյունք չի տվել, թեև նա գրեթե ամենօրյա ռեժիմով իրեն հատուկ հայհոյանքներով ուղեկցվող ուղիղ եթերները չի դադարեցնում։

XS
SM
MD
LG