Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը կարծում է, որ Արցախի իշխանությունները պետք է գնային Արևմուտքի միջնորդությամբ բանակցությունների և հույսները չկապեին Ռուսաստանի հետ։
«Այդ բանակցությունները, որ տեղի չունեցան երրորդ երկրում միջազգային մեխանիզմների ներգրավվածությամբ, հենց Արցախի իշխանության մեղքն էր», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Եթե գնային բանակցությունների երրորդ երկիր, սա հաջորդ փաստարկն է Երևանի, այսքան վատ չէր լինի ամեն ինչ։
Արթուր Օսիպյան. - Այսքան վատ չէր լինի ամեն ինչը, երբ որ Արևմուտքը առաջարկել է, որ երրորդ երկրում միջազգային մեխանիզմներով՝ միջազգային ներգավմամբ, բանակցություններ ստանան Արցախի և Բաքվի միջև հետագա իրավունքների և կարգավիճակի համար։ Բայց ի՞նչ արեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունը, ընդ որում բոլոր խոսակցություններում. չէ իրենք կախվել են, որ ռուսական կողմն անպայման պետք է ներկա լինի, և սկզբից մերժեցին, հետո այդ պայմանը դրեցին, որ առանց Ռուսաստանի մենք պատրաստ չենք դրան, և հենց ռուսական կողմը երբ հանդիպում տեղի ունեցավ, արդեն Խովաևն էլ էր ներկա, սա հենց Արցախի պայմանն էր։ Հենց այդ հանդիպման հաջորդ օրը Լավրովը դուրս եկավ, հայտարարեց, որ Արցախի հետագա կարգավիճակի քննարկումը լինելու է այն կոնտեքստում, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։
Եվ, այո, այդ բանակցությունները, որ տեղի չունեցան երրորդ երկրում միջազգային մեխանիզմների ներգրավվածությամբ, հենց Արցախի իշխանության մեղքն էր։
«Ազատություն». - Ինչո՞ւ էին նրանք ռուսների հետ հույս կապում, չգիտեի՞ն, որ արդեն այլ շահեր ունի Ռուսաստանը։
Արթուր Օսիպյան. - Դա խորը դեգրադացիայի պատճառն է, պետք է տեսնեին, ամեն ինչ արդեն ակնհայտ էր, բայց մինչև վերջին վայրկյանը իրենք ծառայում են Ռուսաստանին, և պարզվեց, որ ավելի շատ էին հետապնդում Ռուսաստանի շահերը, քան Արցախի։ Եվ այդ նույն մարդիկ՝ քաղաքական գործիչների, նախագահների մասին է զրույցը, հայտնվեցին Բաքվի գաղութում, այսինքն՝ մինչև վերջին վայրկյանը իրենք չգիտակցեցին, թե ինչ է կատարվում, և փաստորեն կորցրեցինք և Արցախը ժամանակավոր, Արցախի տարածքը, և իրենք հայտնվեցին այս վիճակում։ Ամբողջը իրենց խելքից է։
«Ազատություն». - Երևի նրանց հաշվարկն այն էր, որ եթե այսքան զորք բերել են, մտցրել Արցախ, դա կարճ ժամանակով չի, Ռուսաստանի հետաքրքրությունն է մնալ տարածաշրջանում, դուրս չէին գա։
Արթուր Օսիպյան. - Հենց դա է, որ այդպիսի կարծրատիպով էին ապրում, որ Ռուսաստանը որ մտել է, դուրս չի գալու։ Իրենք գիտեին, թե Ռուսաստանը այդ 45 թվի խորհրդային միության պես հզոր երկիր է, մեծ ազդեցություն ունեցող, բայց Ռուսաստանի դեգրադացիան ակնհայտ էր, ակնհայտ էր, որ Ռուսաստանը չի կարող դիմադրել թուրք-ադրբեջանական բլոկին, և ինքը զիջումների է գնում մեր հաշվին։