Մատչելիության հղումներ

«Ովքեր ձերբակալվելու էին՝ արդեն ձերբակալվել են»


Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան
Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան

Մինչ այս պահը ադրբեջանական ուժայինների կողմից ձերբակալվել է Արցախի նախկին կամ ներկայիս 8 պաշտոնյա։

Բաքուն ձերբակալել է բոլոր նրանց, որոնց ցանկանում էր ձերբակալել, «Ազատությանը» հայտնել է Արցախի իշխանության ներկայացուցիչներից մեկը, ով նախընտրել է անանուն մնալ։ Ռազմաքաղաքական գործիչներից ովքե՞ր են մնացել Արցախում, և ո՞ւմ է հաջողվել հատել Հակարիի կամուրջը․ «Ազատության» աղբյուրն առանց հավելյալ մանրամասների միայն նշեց․ - «Ովքեր ձերբակալվելու էին՝ արդեն ձերբակալվել են»։

Մինչ այս պահը ադրբեջանական ուժայինների կողմից ձերբակալվել է Արցախի նախկին կամ ներկայիս 8 պաշտոնյա․ հիշեցնենք՝ Բաքուն խոսում էր 300 հոգուց կազմված սև ցուցակի մասին։

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ևս ձերբակալված է։ Նա արդեն Բաքվում է, հրապարակվել են ձերբակալությունից լուսանկարներ։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով փաստաբան Ալով Սաֆարալիևի հայտարարությունը, փոխանցում են, որ Հարությունյանն արդեն հարցաքննվել է։

Վերջին երեք տարիներին Արցախի նախագահի, մինչ այդ էլ մոտ տասը տարի վարչապետի պաշտոններն զբաղեցրած 49-ամյա Հարությունյանի հանրային պաշտպան ներկայացող Սաֆարալիևի խոսքով՝ ինքն արդեն տեսակցել է ժամեր առաջ Բաքու տեղափոխված Ղարաբաղի նախկին առաջնորդին։ Ադրբեջանցի փաստաբանը հավաստիացնում է՝ իր պաշտպանյալի ֆիզիկական և հոգեբանական վիճակը «կարգին է»։

Որտեղ և ինչ պայմաններում է ձերբակալվել արցախցի երկարամյա ղեկավարը՝ Սաֆարալիևն ու Ադրբեջանի իրավապահ մարմինները չեն հաղորդում։

«Նրա պաշտպանությունը կիրականացվի Ադրբեջանի օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան», - ասել է Ալով Սաֆարալիևը, որն, ի դեպ, հանդես էր գալիս նաև որպես Խծաբերդ գյուղի դիրքերից գերեվարված և ահաբեկչության մեղադրանքով մինչ օրս ադրբեջանական բանտում պահվող հայ զինծառայողներից մեկի փաստաբան։

Արայիկ Հարությունյանին առաջադրված մեղադրանքների ողջ ծավալը դեռևս չի հրապարակվել, բայց անցած տարվա փետրվարին արդեն հայտնի էր՝ Բաքուն իրավական գործընթաց է նախաձեռնել, ընդհուպ միջազգային հետախուզում հայտարարել նրա նկատմամբ՝ «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» փաստով: Ադրբեջանի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Նեմաթ Ավազովը պնդել էր, թե Հարությունյանն ինքն է սոցցանցերում խոստովանել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական այդ քաղաքի վրա բազմաթիվ խաղաղ բնակիչների կյանք խլած հարձակումն ինքն է նախաձեռնել։

Հարությունյանից բացի, Բաքվի բանտերում են նաև Արցախի մյուս նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը։ Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին ու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանը ձերբակալել ու 4 ամսով կալանավորել է։ Ադրբեջանի ուժայինները ձերբակալել և մայրաքաղաք են տեղափոխել նաև պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Վերջինս, ինչպես նախապես հայտարարել էր, մտադիր էր անձամբ ներկայանալ Ադրբեջանի իրավապահներին։

Ձերբակալված արցախցի պաշտոնյաներին Բաքուն մեղադրում է բազմաթիվ ծանր հանցանքներում՝ պատերազմական, մարդկության դեմ հանցագործություններից մինչև ահաբեկչական գործողություններ, ահաբեկչության ֆինանսավորում։

Բաքվի բանտերում հայտնված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին ներկայացուցիչների մեծ մասը վերջին անգամ տեսախցիկների առաջ էր հայտնվել սեպտեմբերի 20-ին, երբ նրանք մասնակցում էին նախագահ Սամվել Շահրամանյանի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստին, որին հաջորդեց Արցախի բանակի, ապա՝ պետական ինստիտուտների կազմալուծումը։ Արցախի Անվտանգության խորհրդի փաստացի վերջին նիստի մասնակիցներից որևէ մեկը հստակ չէր պարզաբանել ՝ ինչու և ինչ պայմաններում կայացվեցին Արցախի համար ճակատագրական որոշումները։ Միայն Շահրամանյանն էր ակնարկել, թե հարկադրված կլինեն դիմել համապատասխան քայլերի՝ բնակչության ֆիզիկական անվտանգությունն ապահովելու նպատակով:

Արցախցի պաշտոնյաների ձերբակալությունները տեղի էին ունենում Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև այսպես կոչված բանակցությունների ֆոնին։ Որևէ մեկը դեռ չի պարզաբանել, թե ինչու չի հաջողվել պայմանավորվել Ադրբեջանի իշխանությունների հետ ռազմաքաղաքական ղեկավարությանն անվտանգ դուրս բերելու հարցում։

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից արցախցի նախկին պաշտոնյաների ձերբակալությունները՝ խոստանալով քայլեր ձեռնարկել նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ ։

Ադրբեջանի արտգործնախարարությունն ի պատասխան հայտարարել է՝ այդ անձանց ձերբակալությունը «ծառայում է արդարության վերականգնմանը, և այդ քայլերի օրինականությունը կասկածի տակ դնելն անընդունելի է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG