Մատչելիության հղումներ

Տիգրան Գրիգորյան․ «Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կառուցվածքային բազիսը ոչ մի տեղ չի գնացել»


Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի համոզմամբ՝ կառուցվածքային բազիսը, որը գոյություն ունի Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, «ոչ մի տեղ չի գնացել»։

«Ազատությանը» տված հարցազրույցում հարցին՝ «Ճի՞շտ էր Բիշքեկ չգնալը, ստացվում է, որ Երևանը արդեն բացահայտ խուսափում է ռուսական միջնորդական հարթակից», Գրիգորյանն արձագանքեց․ - «Մի կողմից՝ այդպիսի քայլեր են արվում, հիշում ենք նաև, թե ինչ էր տեղի ունենում սեպտեմբերի առաջին կեսից, բայց մյուս կողմից՝ վարչապետը ինչ-որ հրատապ հարցազրույց է տալիս և շեշտում, որ Հայաստանը չի փոխում արտաքին քաղաքական վեկտորը»։

«Այսինքն՝ հայտարարությունների մակարդակով, ինչ-որ մանր քայլերի մակարդակով մենք տեսնում ենք քայլեր, որոնք կարող են դիտարկվել Ռուսաստանի կողմից որպես հակառուսական, բայց այն կառուցվածքային բազիսը, որը գոյություն ունի Հայաստան-Ռուսաստանի հարաբերություններում՝ տնտեսական կախվածությունը, էներգետիկ կախվածությունը, ոչ մի տեղ չի գնացել։ Ռուսաստանը կոնյակների խմբաքանակը կանգնեցնում է սահմանին, ու վարչապետը մի քանի օր հետո, չնայած ինքը հերքեց, որ դա քաղաքական համատեքստ ունի, բայց կարծում եմ՝ այնուամենայնիվ ունի նմանատիպ համատեքստ, ու վարչապետը արդեն հարցազրույց է տալիս, որտեղ ավելի զուսպ է, որտեղ ավելի լավատեսական է հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված», - նշեց փորձագետը՝ հավելելով․ - «Ամիսներ շարունակ օգտագործում էին իրենց վերահսկողության տակ գտնվող այդ էքսպերտային, փորձագիտական շրջանակները՝ ստեղծելու ինչ-որ պատրանք, որ հիմա արտաքին քաղաքական վեկտոր ենք փոխում, ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, և այլն, ու ընդամենը մի օրվա ընթացքում վարչապետը հարցազրույց է տալիս, որ՝ ոչ, այդ ամենը տեղի չի ունենում»։

Հարցին, թե կարծում է՝ Ռուսաստանը թույլ կտա՞ հետևաբար այս համատեքստում որևէ փաստաթուղթ ստորագրել Արևմուտքում, Գրիգորյանն արձագանքեց․ - «Դե, փաստաթուղթը կարող է նաև Ռուսաստանում ստորագրվել, որովհետև ինքը Ադրբեջանը կարծես թե այս փուլում հենց հակված է ռուսական ձևաչափերի ներքո, տեսանք, թե ինչպես Ալիևը ծաղրեց նույն Գրանադայի հարթակը՝ քամահրական ինչ-որ մեկնաբանություններ արեց և նույնիսկ բողոքեց, թե ինչու Փաշինյանը չի եկել այս ավելի լուրջ հարթակում հարցերը քննարկելու, և մեղադրեց նույնիսկ Հայաստանին, որ Հայաստանը խաղաղություն չի ուզում»։

«Այդ պարագայում, կարծում եմ, հնարավոր է, որ այդ փաստաթուղթը ստորագրվի հենց ռուսական ձևաչափի ներքո, որովհետև արևմտյան ձևաչափերի պարագայում, այնուամենայնիվ, ինչ-որ կոնսենսուս տարբեր հարցերի շուրջ ձևավորվել է։ Օրինակ՝ կա կոնսենսուս, որ դելիմիտացիայի գործընթացի հիմքում պետք է լինի հստակ քարտեզ, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի Ադրբեջանը օգտագործի մի շարք քարտեզներ տարբեր հատվածներում իր նկրտումները արդարացնելու համար։ Ու նմանատիպ ինչ-որ սկզբունքներ, կարծես թե, ձևավորվում են նաև այլ հարցերի վերաբերյալ։ Դա է պատճառը՝ ինչու Ադրբեջանը ավելի հակված է կամ երկկողմանի բանակցություններ վարել՝ Վրաստանի սիմվոլիկ մասնակցությամբ, կամ էլ՝ հենց ռուսական հարթակում», - ընդգծեց Տիգրան Գրիգորյանը։

Փորձագետի կարծիքով՝ պետք չէ նաև բացառել այն տարբերակը, որ «այս գործողությունների գինը Ադրբեջանի համար, այսինքն՝ որ ստացել են Ռուսաստանի կանաչ լույսը, ինչը ակնհայտ է, կարող է լինել նաև այդ, որ՝ «այ, մենք աչք ենք փակում այն գործողությունների վրա, որոնք դուք իրականացնում եք Լեռնային Ղարաբաղում, բայց հետագայում պետք է նաև ինչ-որ դիվիդենտներ ստանանք արդեն խաղաղ գործընթացում, խաղաղապահների հետ կապված հարցերում, նույն Զանգեզուրի միջանցքի հետ կապված հարցում, և այլն»։

«Արդյո՞ք իսկապես մոտեցել է խաղաղության պայմանագիրը, եթե Արցախի հարցը, ըստ էության, լուծված է», - այս հարցին Տիգրան Գրիգորյանն արձագանքեց․ - «Դե, եթե մտածենք այդպես, այո, գլխավորագույն խնդիրներից մեկը արանքից դուրս է եկել, և կարելի է ասել՝ գլխավոր տարաձայնությունը հենց Արցախի հետ էր կապված։ Բայց ի հեճուկս դրան՝ տեսնում ենք, որ Ադրբեջանը, այնուամենայնիվ, այլ օրակարգերում ևս շարունակում է մաքսիմալիստական, առավելապաշտական դիրքորոշում ունենալ»։

«Այս փուլում Ադրբեջանը դեռևս չի համաձայնում այդ 75 թվականի քարտեզներին՝ որպես դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հիմք, ես խիստ կասկածներ ունեմ նաև, որ Ադրբեջանը համաձայնելու է նաև զորքերը հետ քաշել 21 թվականից սկսած Հայաստանի օկուպացված տարածքներից։ Տեսնում ենք, որ նաև Ադրբեջանը կարծես թե փորձում է դիստանցավորվել արևմտյան հարթակներից, այսինքն՝ Ադրբեջանը, ստանալով առավելագույնը արևմտյան այդ հարթակից, այսինքն՝ դիվանագիտական զիջումներ ստանալով Հայաստանից, հետագայում ստացել է իր գործողությունների համար կանաչ լույս արդեն Ռուսաստանից, և հիմա փորձում է կրկին կարծես թե խուսափել այն չնչին ճնշումներից, որոնք, այնուամենայնիվ, արևմտյան հարթակներում կարող են լինել Ադրբեջանի նկատմամբ», - մանրամասնեց փորձագետը։

«Այդ առումով ամեն ինչ կախված է լինելու Միացյալ Նահանգների և Եվրամիության պահվածքից։ Ցավալիորեն, տեսնում ենք, որ մոտեցումը կարծես թե չի փոխվել նույնիսկ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումից հետո, տարբեր դիվանագետներ խոսում են այն մասին, որ Ադրբեջանի հետ պետք է զգույշ լինել, պետք է այնպես չանել, որպեսզի Ադրբեջանը լքի բանակցությունները կամ նախընտրությունը տա ռուսական ձևաչափին, բայց հենց այդ պահվածքը թույլ է տալիս Ադրբեջանին այսպիսի լկտի գործողությունների դիմել նաև հենց արևմտյան դերակատարների նկատմամբ», - ընդգծեց Տիգրան Գրիգորյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG