«Վաղը Բիշքեկում նախատեսված են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները», - այսօր հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի արտաքին հարաբերությունների գծով օգնական Յուրի Ուշակովը։
« Իհարկե քննարկվելու է Ղարաբաղի շուրջ ստեղծված կացությունը։ Օրակարգում են Ղարաբաղի հայերի՝ Ադրբեջանի իրավական դաշտ խաղաղ ինտեգրման և միջազգայնորեն ճանաչված իրավունքների և ազատությունների պահպանման հարցերը», - նշել է Ուշակովը՝ հավելելով, որ՝ «ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը պատրաստ է նպաստել դրան»։
Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ Մոսկվայում հույս ունեն, որ վաղվա հանդիպման ընթացքում Պուտինն ու Ալիևը կքննարկեն նաև խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը։
«Այստեղ մեր զորախմբի օգտագործման մի շարք տարբերակներ են քննարկվելու, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակության վայրեր հնարավոր վերադարձի ապահովման կոնտեքստում, վայրեր, որոնք նրանք լքել են սեպտեմբերին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո», - նշել է Ուշակովը։