Մատչելիության հղումներ

«Իմ հոգին, սիրտը մնաց իմ հայոց հողի վրա, իմ հայոց Դադիվանքի մեջ» 


Սովորական օր էր, ժամերգությունն ավարտել, բրնձով փլավ էին պատրաստում, երբ սկսվեց․ - «Անմիջապես մեր աչքի առաջ էր տեղի ունենում, իսկ ամենածանրը այն պահն էր, երբ որ դու տեսնում ես՝ թշնամական զորքը և տեխնիկան գնում է դեպի քո հայրենիքը գրավելու։ Քո հայրենի հողի վրայով գնում է քո հայրենիքը գրավելու․․․»։

Դադիվանքի վերջին վանահայրն է Դերենիկ աբեղա Սահակյանը։ Ադրբեջանական դարձած Քարվաճառում էր երկու սարկավագների հետ։ Վանքին մոտ ադրբեջանական զորամասն էր, որ պատերազմի օրը հայկական զինուժի թիրախում էր։ «Ակամա մենք էլ», - դառը ժպտում է հայր Դերենիկը... Ռուս խաղաղապահները երեք հայ հոգևորականներին դուրս բերեցին արդեն ամբողջությամբ դատարկված ու Ադրբեջան դարձած Արցախից։

«Այն, ինչը որ ես տեսա արդեն այլևս Ստեփանակերտի մեջ, կամ մինչ Ստեփանակերտ հասնելը, չեմ ցանկանա, որ մեր պատմության մեջ որևէ առիթ ունենանք այդ տեսարանները տեսնելու։ Երբ որ ընտանի կենդանիները արդեն անտեր թափառում էին փողոցներում, տները գողացվում էին, թալանում էին ամեն ինչ՝ խանութները, տները, և այդ ամենը կատարվում էր քո աչքերի առջև», - պատմում է հայր Դերենիկը։

Հոկտեմբերի 1-ին աբեղան ու Հովհաննես և Արսեն սարկավագները Հայաստան հասան:

«Ոչ, չեմ վերադարձել, դեռ այնտեղ եմ», - ասում է հայր Դերենիկը։ Հեռանալիս մի վերջին անգամ աղոթեցին վերադարձի համար․ - «Ծանր էր ամեն պահ, որովհետև անգիր էի արել վանքի ամեն մի քարը։ Ամեն մի ծառի, ծաղկի հետ հետաքրքրություն կար։ Եվ մեկ օր, մեկ ժամ չի եղել, որ ձանձրանամ Դադիվանքի մեջ։ Եվ այդ հրաժեշտի պահը, երբ որ մեքենան շարժվեց, և կամաց-կամաց երբ որ հեռանում էր Դադիվանքը, ես հասկացա, որ պարզապես ես ֆիզիկապես եմ հեռանում, որովհետև իմ հոգին, սիրտը մնաց իմ հայոց հողի վրա, իմ հայոց Դադիվանքի մեջ»։

Աբեղան ավելի քան մեկ տարի մեկ տարի ծառայեց Դադիվանքում։ Մեկ տարի ոչ մի հայ ուխտավորի չտեսավ․ - «Վերջին անգամ ուխտավոր տեսել եմ 2022 թվականի հոկտեմբերի 17-ին»:

Երբեմն մխիթարվում էին ռուների ներկայությամբ․ - «Կիրակի օրը մեծագույն ուրախություն էր, երբ որ եկեղեցու մեջ լինում էին ռուս խաղաղապահները, երբ մասնակցում էին պատարագին, հաղորդություն էին ստանում։ Որոշ չափով այն զգացողությունները, որ դու պատարագ ես անում, և հավատացյալ չկա, մխիթարվում էր իրենց ներկայությամբ»։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ անցած Քարվաճառի հայկական վանական համալիրում ամեն օր հայերեն աղոթք է հնչել դժվար ճանապարհներով վանք հասած մի քանի հայ հոգևորականների շնորհիվ։ Վանքի մոտ փոքրաթիվ ռուս խաղաղապահներ էին ու ադրբեջանական մեծաթիվ զորք։

Հայր Դերենիկը դժվարությունների մասին չի խոսում՝ ջուր հոսանք, կապի միջոցներ, սնունդ․ - «Իմ ուխտն է եղել, իմ երազանքը, որ բոլոր հնարավորությունները անեմ՝ իմ հայրենիքը որտեղ որ անհրաժեշտություն ունի՝ իմ ծառայությունը մատուցելու։ Մեկ վայրկյան չեմ մտածել, երկմտել, տարփողել՝ գնա՞լ, թե՞՝ ոչ։ Ընդհակառակը՝ երբ որ լսեցի՝ հնարավորություն կա, անմիջապես ես պատրաստվեցի, ես Եգիպտոս էի ծառայում»։

Ոչինչ որ վանքը ոչ մի հայ այցելու չուներ, պատարագ-ժամերգություններ ամեն ինչ ըստ կարգի էր, ազատ ժամերին աբեղան գրել է պապի՝ Երկրորդ համաշխարհայինում զոհված երկու եղբայրների պատմությունը, վանքի տարածքում փոքրիկ այգի է հիմնել, լոլիկ վարունգ ու ծաղիկներ կային։

Մի շուն ու մի կատու էլ էր պահում, Սևուկին Հայաստան հասցել չկարողացավ, բայց վանքի Վանի անունով կատուն այստեղ է։

Դադիվանքից հետո որն է լինելու 35-ամյա աբեղայի ծառայության հաջորդ հասցեն՝ դեռ պարզ չէ։ Հայր Դերենիկը կյանքի ամենամեծ պաշտոնը Դադիվանքի վանահայր լինելն է համարում։

«Տխուր, կարոտած, շատ կարոտած։ Մենակ մի բանի համար եմ ուզում քնել, աչքերս որ փակեմ, որովհետև միշտ Դադիվանքս է աչքիս առաջ․․․ »։

«Իմ հոգին, սիրտը մնաց իմ հայոց հողի վրա, իմ հայոց Դադիվանքի մեջ»
please wait

No media source currently available

0:00 0:04:11 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG