Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է դիմադրի բանակցությունների հարթակների փոփոխությանը. Բորիս Նավասարդյան


Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի ու դիմադրի բանակցությունների հարթակների փոփոխությանը, «Ազատության» հետ զրուցում հայտարարեց քաղաքական մեկնաբան Բորիս Նավասարդյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Նավասարդյան. - Ես կարծում եմ՝ հայկական կողմը պետք է շեշտը դնի հենց տարածքային ամբողջականության վրա, և առանց սահմանագծման ու սահմանազատման գործընթացի որևէ փոփոխություն այսօրվա սահմանի հետ կապված չպետք է լինի, այդ թվում նաև որևէ փոփոխություն անկլավների առումով չպետք է լինի:

«Ազատություն». - Իսկ հարթակի ընտրությունը, Ռուսաստանը կրկին կանչում է բանակցությունների, թեև հայտնի դարձավ, որ Բիշքեկ չի գնալու արտգործնախարարը, նրան փոխարինելու է փոխարտգործնախարարը:

Նավասարդյան. - Այո, դա կարծում եմ, որ ևս մեկ վկայություն նրա, որ Հայաստանը կարծես թե հասկացել է, որ հարթակների փոփոխությունը միայն վատթարացնում է մեր դիրքերը բանակցային գործընթացում: Եվ ամենակարևորը, որ երբ տեղափոխվում են բանակցությունները արևմտյան հարթակից ռուսական հարթակ, դրան անմիջապես հետևում են այնպիսի գործողություններ Ադրբեջանի կողմից, որոնք փոխում են ստասուս-քվոն ի վնաս հայկական կողմի: Այդպես է եղել 2022 թվականին, երբ Պրահայից հետո եղավ Սոչին, իսկ Սոչիից հետո շրջափակում Լաչինի միջանցքում: Նույնը տեղի ունեցավ այս վերջին ամիսներին, երբ հունիսին, փաստորեն, այն բավականին, ես կարծում եմ, հաջողված բանակցությունները, որ տեղի են ունեցել Վաշինգտոնում, փաստորեն որևէ պրակտիկ դերակատարություն չունեցավ ու նախաձեռնությունը բանակցային գործընթացում ու ընդհանրապես կարգավորման հարցում վերցրեց Ռուսաստանը և դրան հետևեց այն, ինչի ականատեսը մենք եղանք սեպտեմբերին: Այսինքն՝ եթե նույն մարտավարությունը փորձի վարել Ադրբեջանը Ռուսաստանի հետ համաձայնեցնելով գործողությունները, դա կարող է լինել Բրյուսելում լեգիտիմացում արդեն տեղի ունեցածի, հետագայում նորից փորձ՝ տեղափոխել բանակցային հարթակը Ռուսաստան և արդեն շատ կոնկրետ հարցերով՝ և՛ սահմանների հարցերով, և՛ Մեղրիի ճանապարհի հարցերով: Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի ու դիմադրի հարթակների փոփոխությանը, թեև ես շատ լավ հասկանում եմ, որքան դժվար է դա՝ հաշվի առնելով ինչպիսի լծակներ ունի Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG