Առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպումներ կանցկացվեն, հայտարարում է Ադրբեջանի նախագահը։
«Կարևոր է տարածաշրջանային խնդիրների լուծումը տարածաշրջանի երկրների մասնակցությամբ», - երեկ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Միհրդատ Բեզրփաշի հետ հանդիպմանն ասել է Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի նախագահականի փոխանցմամբ, Ալիևը դրական է համարել այս ձևաչաձով առաջիկայում նախատեսված հանդիպումների անցկացումը։
Արդյո՞ք Երևանն ու այս ձևաչափի մյուս երկրները տվել են հանդիպելու իրենց համաձայնությունը, ի՞նչ օրակարգ են ունենալու դրանք, մանրամասներ առայժմ չկան։
Պարզաբանումների համար «Ազատությունը» դիմել է Արտաքին գործերի նախարարությանը, արձագանք, սակայն, դեռ չունենք։
44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի ու Ադրբեջանի առաջնորդներն առաջարկեցին տարածաշրջանի երեք երկրների՝ Հայաստանի, Ադբրեջանի, Վրաստանի և երեք տերությունների՝ Թուրքիայի, Իրանի ու Ռուսաստանի միջև բանակցությունների ընդհանուր հարթակ ստեղծել՝ Կովկասին առնչվող հարցերը քննարկելու համար։
Հայաստանը 2 տարի առաջ հայտարարեց՝ այս ձևաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են այլ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։
Վրաստանը մերժեց նախաձեռնությունը՝ նշելով, թե չի կարող համագործակցել Հարավային Օսիան և Աբխազիան զավթած Ռուսաստանի հետ:
Այս ձևաչափով մինչ այս ընդամենը մեկ հանդիպում եղավ՝ 2021-ի ավարտին ու չնայած աշխատանքները շարունակելու մասին մերթընդմերթ հնչող հայտարարություններին, այլ հանդիպում այդպես էլ չանցկացվեց։
Այս մարտին Մոսկվայում Իրանի արտգործնախարարը հայտարարեց՝ Հարավային Կովկասում ստեղծված լարված իրավիճակը կարող է կարգավորվել «3+3» ձևաչափի շրջանակում:
Երկու շաբաթ առաջ էլ՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Ռուսաստանի ու Իրանի նախագահները խոսեցին «3+3» հարթակի աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտության մասին։
Անցած հինգշաբթի Գրանադայում կայացած Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի առաջնորդների ու Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը բոյկոտելու Իլհամ Ալիևի որոշման պատճառից մեկն էլ այն էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը չէր ստացվել, քանի որ Ֆրանսիան ու Գերմանիան էին դեմ։ Գրանադա այցելությունից վերջին պահին հրաժարվել էին թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը։
«Բաքուն հարցերը տեղափոխում է բոլոր այն հարթակներ, որտեղ դրանք կարելի է քննարկել»
«Թուրքիան միշտ էլ ներգրավվածություն ունի, իսկ եթե ֆորմալ առումով խոսենք ներգրավվածության մասին, ապա այստեղ ես չեմ կարծում, որ ֆորմալույթունն ունի սկզբունքային նշանակություն Ադրբեջանի կամ Թուրքիայի համար, բայց այլ հարց է, որ իրենք փորձելու են խաղարկել այդ հանգամանքները և դարձնել սակարկության առարկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Արդյո՞ք այսպիսով Ադրբեջանը ցանկանում է հայ-ադրբեջանական բանակցությունները Բրյուսելից բացի նաև տարածաշրջանային հարթակ տեղափոխել։ Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Բաքուն հարցերը տեղափոխում է բոլոր այն հարթակներ, որտեղ դրանք կարելի է քննարկել։
«Դրան զուգահեռ Ադրբեջանը նաև հավանություն տվեց հոկտեմբերի վերջին Բրյուսելում եռակողմ ձևաչափով հանդիպմանը։ Այսինքն՝ Ադրբեջանը հարցը տեղափոխում է բոլոր այն հնարավոր տեղերը, որտեղ որ կարող է դա շոշափել և քննարկել և այն գնահատականները, որ Ադրբեջանը հրաժարվում է այս ձևաչափից, տեղափոխում է այլ ձևաչափ, ես չեմ կարծում, որ իրականության հետ անմիջական աղերս ունեն», - ասաց քաղաքական մեկնաբանը։
«Պետք է պատրաստ լինել գնալ «3+3» ձևաչափով աշխատանքի և պաշտպանել սեփական շահերը»
«3+3»-ը ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ ընդհանուր Կովկասին վերաբերող հարցերի քննարկմանն է վերաբերում, ասում է Բադալյանը։
«Եթե բոլոր խաղացողների հիմնական շրջանակում էդ ձևչափի շուրջ ձևավորվեց որոշակի փոխհամաձայնություն, ապա ես չեմ կարծում, թե հնարավոր կլինի գնալ այդ ձևաչափի դեմ։ Պետք է պատրաստ լինել գնալ այդ ձևաչափով աշխատանքի և պաշտպանել սեփական շահերը», - ասաց Բադալյանը։
Բաքուն ու Թեհրանը հայտարարում են նաև Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհային միջանցքի կառուցման ծրագրի մասին։ Ըստ այս ծրագրի՝ Ադրբեջանի հարավային՝ Իրանին սահմանամերձ Աղբանդ բնակավայրից՝ Արաքս գետի վրայով կամուրջ ու սահմանային-մաքսային ենթակառուցվածքներ են կառուցվելու։
Թուրքիայի նախագահ Էրդողանը շուրջ երկու շաբաթ առաջ էր հայտարարել՝ եթե Հայաստանը չհամաձայնի իրենց ու Բաքվի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Զանգեզուրի միջանցքին», ապա այդ ճանապարհը կարող է նաև Իրանով անցնել։
«Եթե այսօր իրենց ճանապարհ է պետք հաղորդակցվելու համար, Իրանի հետ այդ ճանապարհը միակ տարբերակն է այդ հարավային մասով, և այս տեսանկյունից իրենք այսօր պարզապես տակտիկական խնդիր են լուծում», - ասաց Բադալյանը։
Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ անկախ այս հայտարարություններից Թուրքիայի ու Ադրբեջանի համար Հայաստանի տարածքով կապվելը շարունակելու է ռազմավարական գլխավոր նպատակ մնալ։