Մատչելիության հղումներ

«Մայր Հայաստանն» ու «Ազգային առաջընթացը» չեն մասնակցի Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին


«Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյան, «Ազգային առաջընթացի» քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության
«Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյան, «Ազգային առաջընթացի» քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության

«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարում է՝ չի մասնակցելու Երևանի նորընտիր ավագանու առաջին՝ հոկտեմբերի 10-ի նիստին։

«Ոչ իշխանական դաշտում Երևանի քաղաքապետի միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքը, ինչպես նախապես հայտարարել էր, չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին», - ասված է դաշինքի հայտարարությունում։

Սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին ավագանի է անցել հինգ ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։ Փաստացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է ձայների ամենաբարձր՝ 32.5 տոկոսը, բայց միայնակ չի կարող քաղաքապետ ընտրել։

Եթե հոկտեմբերի 10-ին՝ առաջին նիստին, քվորում ապահովվի, ապա իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին անհրաժեշտ կլինի 27 կողմ ձայն։ Դա կլինի, եթե նաև «Հանրապետություն»-ը քվեարկի նրա օգտին։

«Մայր Հայաստան» դաշինքն այսօր կոչ է արել անցողիկ շեմը հաղթահարած ոչ իշխանական մյուս ուժերին ևս բոյկոտել նիստը՝ այդպիսով բացառելով «ՔՊ վերարտադրությունը մայրաքաղաքում և նախադրյալներ ստեղծելով Երևանում նոր ընտրությունների անցկացման համար»։

Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» խմբակցությունը ևս վերահաստատում է, որ չի մասնակցելու ավագանու վաղվա նիստին՝ նոր ընտրությունների հասնելու նպատակով։

XS
SM
MD
LG