Մատչելիության հղումներ

Երևանի ընտրություններից ավելի քան տասն օր անց ավագանի անցած ուժերի միջև համաձայնություն առայժմ չկա


Համագործակցության առաջարկներ ու տարբեր նախապայմաններ. ընտրություններից ավելի քան տասն օր անց ավագանի անցած ուժերի միջև համաձայնություն, սակայն, առայժմ չկա, որոշ ընդդիմադիրներ նոր ընտրություններ անցկացնելու հնարավորությունն են նույնիսկ քննարկում։

Հոկտեմբերի 10-ին Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստն է, հենց այդ օրը պետք է քաղաքապետ ընտրեն։ Ավագանու 65 անդամներից առնվազն 33-ի ձայնն է պետք։ Ով ու՞մ օգտին կքվեարկի, կգնա՞ն նիստին, թե՞ կբոյկոտեն, հստակություն չկա։

Արցախում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով քաղաքապետի ընտրության մասին վերջին օրերին չէին խոսում. լռությունը երեկ խախտվեց. «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան լայվով կրկնեց իր առաջարկը՝ մեկ ճակատով հանդես գալ և իրեն ընտրել քաղաքապետ, առանց կոալիցիա կազմելու։

«Մի կողմ դնել բոլոր քաղաքական հարցերն ու շահերը և հանդես գալ մեկ ճակատով, այն է՝ ունենալ մեկ ընդդիմության թեկնածու», - նշել է Մարությանը:

Սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններից հետո պատկերն այսպիսին է. իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» 24 մանդատ ունի, Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացը» 14, 12 մանդատ ունի «Մայր Հայաստան» դաշինքը, 8-ը «Հանրապետությունը», 7-ն էլ բաժին է հասել «Հանրային ձայնին»։

Նախկին ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանն» ավելի վաղ արձագանքել էր՝ կողմ է Մարությանի առաջարկած տարբերակին, իրենց խնդիրը իշխանություններին հեռացնելն է։ Ծանր հանցանքների համար հետախուզվող նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնն» էլ դեմ չէր, բայց պայմանով՝ իրենց տալ քաղաքապետարանի վերահսկողական ֆունկցիաները։ Իրավաբան Արտակ Զեյնալյանին առաջադրած «Հանրապետությունը» այս ընթացքում դեռ ոչինչ չի ասել և ըստ մյուս ընդդիմադիր ուժերի՝ այս կուսակցությունը պատրաստվում է կոալիցիա կազմել իշխող ՔՊ-ի հետ։ Այդ դեպքում էլ, սակայն, իշխանությունների ձայները բավարար չեն լինի՝ կստացվի 32, մեկ մանդատ կպակասի։

Հայկ Մարությանը երեկ հայտարարեց՝ Վարդան Ղուկասյանի առաջ քաշած պայմանի դեմ իրենք ոչինչ չունեն, բայց վարչության պետի պաշտոն ինքը տալ չի կարող, մրցույթ պետք է լինի:

«Մենք կարող ենք ասել, որ երբ լինենք իշխանության, կհայտարարենք մրցույթ, խնդրեմ, եթե ունեք իսկապես լավ մասնագետ, որը կկարողանա գլուխ հանել այդ ամեն ինչից և լավ ձևով իրոք վերահսկել այդ ամբողջ համակարգը, եկեք, մասնակցեք մրցույթին, հաղթեք, մեծ հաճույքով կնշանակեմ այդ մարդուն այդ պաշտոնին, թող սկսի աշխատել», - ընդգծել է Մարությանը:

Նախկին քաղաքապետի առաջարկած մյուս տարբերակն էլ նոր ընտրությունների գնալն է, եթե ընդդիմադիրները առաջին նիստին չգնան՝ քվորում չի լինի։ Նիստի անցկացման համար պետք է ներկայանան ավագանու առնվազն 33 անդամներ։

Մարությանի լայվից հետո և՛ «Մայր Հայաստանը» խոսեց, և՛ հետախուզվող Վարդան Ղուկասյանը։

«Մայր Հայաստանը» վերահաստատեց դիրքորոշումը՝ եթե կոնսենսուս լինի՝ իր ձայնը Մարությանին կտա. «Ազգային առաջընթաց» կուսակցությունը որպես քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հայկ Մարությանին, ով հրապարակավ ընդունել է «Մայր Հայաստանի» դիրքորոշումն ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին»:

Վարդան Ղուկասյանն էլ իր հերթական լայվի ընթացքում առաջարկեց հանրային քննարկում անցկացնել այս հարցերի շուրջ։ Իր թունդ հայհոյանքներով հայտնի Ղուկասյանը խոստացավ՝ այս անգամ անպարկեշտ բառեր չի օգտագործի. - «Հրապարակայնորեն եկեք նստենք խոսենք, ժողովրդի աչքի առաջ, որ ոչ թե ես մի նախադասություն ասեմ, հետո դու ասես»:

Վարդան Ղուկասյանը նաև կրկնեց մայրաքաղաքի կառավարումն ընդդիմադիրների կոալիցիայով իրականացնելու իր պայմանը, որ՝ «ամեն ինչ թղթով լինի»։

«Մենք ասել ենք, որ դաշինքի չենք գնում, կոալիցիա չենք կազմում որևէ ուժի հետ», - պատասխանեց «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: «Եթե ավագանու մանդատ ստացած ուժերը իրոք ցանկանում են իշխանությունից զրկել ՔՊ-ին Երևանում, ապա առաջարկում ենք քվեարկեք մեր թեկնածուի օգտին: «Հանրային ձայնը» համաձայն է, բայց պաշտոնի կամ պաշտոնների բաշխման պայման է դրել և պահանջում է կոալիցիոն պայմանագիր կնքել, ինչը հակասում է մեր սկզբնական առաջարկությանը», - նշված է հայտարարությունում:

Հետո էլ «Մայր Հայաստանը» նոր հայտարարություն տարածեց՝ եթե կոնսենսուս չլինի առաջարկում են նոր ընտրությունների գնալ:

Երևանի ինքնակառավարման մասին օրենքով ընթացակարգն այսպիսին պետք է լինի. հոկտեմբերի 10-ին քվորում ապահովելու դեպքում գաղտնի քվեարկությամբ քաղաքապետի ընտրություն է անցկացվում։ Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 33 ձայն, ապա առավելագույն ձայներ հավաքած թեկնածուների միջև ընտրության երկրորդ փուլ է անցկացվում։ Այս անգամ արդեն քաղաքապետ է ընտրվում ձայների պարզ մեծամասնությունը ստացած թեկնածուն։

«Հանրային ձայնի» ցուցակի առաջին համար Արտակ Գալստյանը շուրջ կես տարի է կալանավորված է, բայց մանդատից էլ չի հրաժարվել։ Այս կուսակցության երկրորդ համար, նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ էլ օրերս քրեական վարույթ հարուցվեց՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու համար, նա, ըստ ամենայնի, Հայաստանում չէ։ Պարզ չէ՝ ինչպես է կազմակերպվելու նրանց քվեարկությունը։

XS
SM
MD
LG