Կառավարությունում բնակարանաշինության հարցով քննարկումներ կան, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Մի քանի փուլից է մեր գործընթացը, նախ, առաջին փուլում մարդկանց ընդունելն ու տեղակայելն է: Երկրորդ փուլում հիմա նրանց կարիքներն ենք գնահատում ու այդ կարիքները բավարարում ենք, որն ամենօրյա ընթացիկ աշխատանք է, անում ենք: Երրորդ փուլում միջնաժամկետ ծրագրերն են, 100 հազար դրամն է, վարձակալության գումարներն են, ենթադրյալ, դեռ նոր ծրագրեր կծնվեն և կառավարությունը կորոշի այդ քննարկումների արդյունքում: Չորրորդ փուլում արդեն կլինեն երկարաժամկետ ծրագրեր, որտեղ մենք արդեն կսկսենք խոսել բնակարանաշինությունից: Մենք արդեն կառավարությունում քննարկումներ ունենք, որոշակի տարբերակներ ունենք», - ասաց Սանոսյանը:
Նախարարը նշեց, որ կան բնակավայրեր, որտեղ կառուցվում է ամբողջովին նոր դպրոց, «140 աշակերտի համար, բայց այդ գյուղում կա 70 աշակերտ, դա նշանակում է, կարող ենք դա նկատի ունենալ, օրինակ, ընտանիքին տեղաբաշխել այդպիսի մի գյուղում, որտեղ երեխաները նոր կառուցված, բարձրակարգ դպրոց կհաճախեն»:
«Հաճախ մեր հայրենակիցները մարզերում, գյուղական բնակավայրերում ավելի հեշտությամբ կարող են աշխատանք գտնել, քան շատ այլ քաղաքային վայրերում: Ինձ թվում է՝ իրենք էլ ըստ իրենց մասնագիտության, կնախընտրեն որոշակի բնակավայրեր», - նշեց նա:
Անդրադառնալով արցախցիների վարկային պատմության վերաբերյալ հարցին, Սանոսյանն ասաց՝ քննարկումներ կան:
«Այս փուլում ավելի շատ տեղի է ունենում ինֆորմացիայի դուրսբերում, որպեսզի պատկերը պարզ լինի, թե ինչ քանակի, ինչ թվի կամ որ բանկերին է վերաբերում: Ենթադրյալ այդ ինֆորմացիայի վերլուծությունը, հավաքագրումը որոշակի որոշումների կբերի, որոշակի պատկեր ի հայտ կբերի, բայց այս պահին դեռ հստակ որոշումներ չկան», - նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
Դիտարկմանն էլ, որ համացանցում հայտարարություններ են, մարդիկ խնդրում են օգնել իրենց, անգամ տեղյակ չեն՝ ուր գնան, որտեղ գրանցվեն, Գնել Սանոսյանը պատասխանեց. - «Կոռինձորում, երբ մեր հայրենակիցները հայտնվում էին արդեն մեր սահմանապահների մոտ, երբ նրանց առաջին պահին որոշակի հաշվառումից հետո տրամադրվում էր նաև սնունդ, մենք նրանց տալիս էինք մի թուղթ, որի վրա գրված էր հանրապետության 64 այն համայնքապետարանների հասցեներն ու հեռախոսահամարները պատասխանատու անձանց, ում հետ նրանք կարող էին կոնտակտի լինել ու ճշտել մի շարք հարցեր, որոնք թեև այդ պահին միգուցե իրենց չի հետաքրքրել կամ տեղյակ լինելու համար հետո էր պետք: Մեր բոլոր կայքերում հրապարակված են այդ հասցեները»: