Մատչելիության հղումներ

Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Բաբայանի հետ


Արտապատկերում Ադրբեջանի օմբուդսմենի պաշտոնական կայքից
Արտապատկերում Ադրբեջանի օմբուդսմենի պաշտոնական կայքից

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած երկու լուսանկարներում արցախցի կալանավորված երկու պաշտոնյաներն են՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը նստած է տեղեկատվական թերթիկներով լի սեղանի առջև, իսկ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ գրադարանում՝ գիրք փնտրելիս։

Սաբինա Ալիևան երեք օր առաջ է նրանց տեսակցել բանտում, հաղորդագրություն տարածել միայն այսօր։

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի փոխանցմամբ՝ Վարդանյանն ընտանիքին զանգահարելու, նաև ծանրոց ստանալու հնարավորություն է ստացել, իսկ Բաբայանին ակնոց են տվել՝ բանտային գրադարանից օգտելու համար։

Բաքվում ծանր հոդվածներով՝ ահաբեկչության ֆինանսավորումից մինչև ապօրինի զինված կազմավորումների ստեղծման համար մեղադրվող Վարդանյանը, Ալիևայի պնդմամբ, «գոհունակություն է հայտնել պահման պայմաններից, նշել, որ բժշկական զննում է անցել և առողջական որևէ խնդիր չունի»։

Բաքվից նաև հայտնում են, թե Վարդանյանին պաշտպանում է նրա ընտանիքի կողմից ընտրված փաստաբանը։ Ով է այդ փաստաբանը՝ առայժմ պարզ չէ, «Ազատությանը» դեռ չի հաջողվել կապ հաստատել Վարդանյանի ընտանիքի հետ։

Ի տարբերություն Վարդանյանի, որ ձերբակալվեց Լաչինի անցակետում Հայաստան գալիս, Բաբայանը հայտնել էր, թե ինքն է գնում Շուշի՝ հանձնվելու ադրբեջանական իշխանություններին։ Պաշտոնյան Ֆեյսբուքում գրել էր, թե ընդգրկված է «սև ցուցակում», և ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ հետաքննության համար։

Բաբայանը ևս փաստաբան ունի, որի անունը Բաքուն չի հրապարակում։

Վարդանյանից ու Բաբայանից բացի, ադրբեջանական բանտում են արցախցի ևս 6 պաշտոնյաներ՝ երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև բարձրաստիճան նախկին զինվորականներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը։ Նրանք ևս մեղադրվում են տարբեր ծանր հոդվածներով՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված կազմավորումների ձևավորում։

Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի հարազատներն օրերս են դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակ՝ տեղեկություններ ստանալու համար։ Եղբայրը՝ դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանն «Ազատությանը» փոխանցեց՝ միջազգային կառույցից արդեն կապվել են ընտանիքի հետ։

«Կարմիր Խաչն է կապ հաստատել եղբորս ընտանիքի հետ, արարողակարգային այդ գրանցումները կատարել են, ինչպես մնացած բոլոր առևանգվածների, և Կարմիր Խաչը ասել է, որ իրենց աշխատակարգի համաձայն՝ առաջիկայում տեսակցելու են բոլոր կալանավորներին», - ասաց Գեղամ Մանուկյանը։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունու խոսքով, այս փուլում իրենք հավաքագրում են Ադրբեջանում պահվողների տվյալները, որ հետո դիմեն Բաքվին՝ նրանց տեսակցելու համար։

«Այդ հարցը գտնվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուշադրության կենտրոնում, բնականաբար, մեր ընդհանուր առաքելության շրջանակներում։ Կարող եմ միայն ասել, որ այն պահից սկսած, երբ ընտանիքը դիմում է Կարմի Խաչի միջազգային կոմիտեին, մենք շարունակում ենք իրենց հետ անմիջապես կապ պահել, և եթե լինեն որևէ լուրեր՝ կապված իրենց հարազատի հետ, մենք, բնականաբար, առաջինը տեղեկացնում ենք ընտանիքը», - «Ազատությանը» ասաց Զառա Ամատունին։

Ադրբեջանական բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության համար Հայաստանի կառավարությունը դիմել է Եվրադատարան՝ պահանջելով ազատ արձակել նրանց։

Առաջին դիմումը Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ուղարկել էր նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարցով։ Ստրասբուրգից, սակայն, դեռ նորություն չկա։

«Դատարանից պահանջել ենք, ոնց որ և ընթացակարգն է նախատեսում, կոնվենցիայի հիման վրա երաշխավորել պարոն Վարդանյանի իրավունքները՝ առաջնային, դե բնականաբար, երկրորդ և երրորդ հոդվածների մասին խոսքը գնում՝ կյանքի իրավունք և խոշտանգման, անմարդկային դաժան վերաբերմունքի արգելք: Հուսով ենք՝ արագ կարձագանքի դատարանը։ Ամեն դեպքում, նաև կապի մեջ ենք իր հարազատների հետ էլ, երբ որ ստանանք պատասխան, նաև կփոխանցենք իրենց», - ասել էր Կիրակոսյանը։

Եվրոպական դատարանից բացի, Հայաստանի կառավարությունը դիմել է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարան, որն էլ հոկտեմբերի 12-ին լսումներ կանցկացնի՝ Բաքվի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու հարցով։

Պաշտոնական Երևանը անցած շաբաթ ուղարկված հայցով միջազգային դատարանին խնդրել է պարտավորեցնել Բաքվին զերծ մնալ «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»: Երևանը, միևնույն ժամանակ, ակնկալում է, որ Բաքուն «ձեռնպահ կմնա պատժիչ միջոցներ ձեռնարկելուց Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG