Մատչելիության հղումներ

Բաքվի արձագանքը Մակրոնին


Ադրբեջանն այլ երկրի տարածքը չի օկուպացրել, իսկ պնդումները, թե սահմանազատում չիրականացրած տարածքները Հայաստանինն են, միանգամայն ծիծաղելի են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

«Լավ կլիներ, որ Ֆրանսիան դադարեցներ իր նենգ քաղաքականությունը», - ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ Փարիզի հայտարարությունն անպատասխանատու որակելով։

Արտգործնախարարությունը նաև նշել է՝ այդ Ֆրանսիան է դեմ արտահայտվել Թուրքիայի մասնակցությանը Գրանադայում կայանալիք հնգակողմ հանդիպմանը, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ արձագանքելով Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի երեկվա հայտարարություններին։

«Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը քաջատեղյակ է, որ հանդիպմանը Թուրքիայի մասնակցության դեմ հանդես է եկել ֆրանսիական կողմը։ Ֆրանսիայի նախագահի կողմից այս հարցի վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածումը անհարիր մոտեցում է պետության ղեկավարի համար», - ասված է արտգործնախարարության հայտարարությունում։

Երեկ Մակրոնն ափսոսանք է հայտնել Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների բացակայության կապակցությամբ։

Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ կրկին կզանգահարի Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի նկատմամբ «ճնշումը պահպանելու համար»։

Ալիևը հանդիպումից մեկ օր առաջ անսպասելիորեն չեղարկեց իր մասնակցությունը Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը։ Բաքվի փաստարկներն են, թե Ֆրանսիան կողմնակալ է, հանդիպմանը նաև Թուրքիայի մասնակցության իրենց պահանջն էլ մերժվել է։

XS
SM
MD
LG