Մատչելիության հղումներ

Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման. Բաղերին՝ Գրիգորյանին


Իրանը պատրաստ է օգնելու նվազեցնել լարվածությունը կովկասյան տարածաշրջանում, հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ իրանական Mehr գործակալության՝ Բաղերին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ դիտորդներ ուղարկելու Իրանի պատրաստակամությունը՝ ընդգծելով՝ որևէ երկրի պաշտպանունակության բարելավման հետևում չպետք է լինի որևէ ագրեսիվ նպատակ կամ մտադրություն։

Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները ազդում են տարածաշրջանի անվտանգության վրա և լարվածությունը չի բխում Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերից, Mehr-ի փոխանցմամբ, ասել է բարձրաստիճան զինվորականը՝ կոչ անելով՝ միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում վեճերն ու լարվածությունը լուծելու համար։

Անդրադառնալով վերջերս Հայաստանում տեղի ունեցած հայ-ամերիկյան զորավարժություններին՝ Բաղերին ասել է, որ «արտատարածաշրջանային ուժերի առկայությունը անկայունություն կառաջացնի»։

Գրիգորյանն, ըստ Mehr-ի, իր հերթին զեկուցել է կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումների վերաբերյալ։

Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի ԱԽ քարտուղարը կարևորել է Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ:

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպումներ է ունենում։ Նա արդեն հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի, ինչպես նաև արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

Թեհրանում է նաև Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը։

XS
SM
MD
LG