Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։
Գրիգորյանը և Ահմադիանը քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանի զարգացումներին առնչվող հարցեր:
Իրանցի պաշտոնյան, ըստ Mehr գործակալության, անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ ընդգծել է խաղաղության և անվտանգության հաստատման համար յուրաքանչյուր կողմի ջանքերի անհրաժեշտությունը։
«Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն բերում է անկայունություն և սրում է ճգնաժամը»,- ընդգծել է նա։
ԱԱԽ քարտուղարը հավելել է, որ Իրանը պատրաստ է անհրաժեշտ հիմք ապահովել և հանդիպում անցկացնել տարածաշրջանի երկրների միջև։
Արմեն Գրիգորյանն, իր հերթին, մատնանշել է երկու երկրների երկարամյա հարաբերությունները և հայտարարել Իրանի հետ հարաբերությունները համակողմանի զարգացնելու Հայաստանի պատրաստակամության մասին։
Ըստ իրանական գործակալության՝ Արմեն Գրիգորյանը մատնանշել է Իսլամական Հանրապետության արդյունավետ դերը կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։