Մատչելիության հղումներ

«ԼՂ-ից բռնի տեղահանվածները պետք է բացեն քարտային հաշիվներ». խորհրդակցություն՝ աջակցության ծրագրերի շուրջ


Միանվագ՝ 100 հազար դրամ

Լեռնային Ղարաբաղից յուրաքանչյուր բռնի տեղահանված, խոսքը վերաբերվում է և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին, ամեն անձի հաշվով կտրվի 100 հազար միանվագ դրամական աջակցություն, այսօր խորհրդակցության ժամանակ վերահաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը խնդրեց բռնի տեղահանվածներին, ովքեր չունեն բանկային, քարտային հաշիվներ, մոտենան իրենց ամենամոտ, ամենահարմար բանկ և այնտեղ բացեն քարտային հաշիվ՝ հետագայում նաև բանկային քարտ ստանալու համար։

Հաշիվները կբացվեն արագ, և Կառավարությունը 100 հազարական դրամները միանվագ կփոխանցի այդ հաշիվներին, և մարդիկ արդեն իրենց անձնագրերով հասանելիություն կունենան դրանց, ասել է Փաշինյանը՝ շեշտելով՝ բանկային քարտեր ունեցողներին Կառավարությունը միանգամից առաջիկա շաբաթվա ընթացքում այդ գումարները կփոխանցի։

Իսկ փաստաթղթեր չունեցողներին վարչապետը հորդորեց համապատասխան տեղեկանք վերցնել Միասնական սոցիալական ծառայությունից։

Յուրաքանչյուր անձի՝ 50 հազար դրամ


Բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի կտրվի 40 հազար դրամ՝ որպես բնակության ծախսերի հատուցում, գումարած 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերի գծով աջակցություն, այսօր նաև նշել է գործադիրի ղեկավարը:

Այս դեպքում ևս, ըստ վարչապետի, կարևոր է բանկերում արագ հաշիվների բացումը։

Աշխատանքի ապահովման խնդիր

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աշխատանքի ապահովման խնդրի լուծումը:

«Մենք նաև միջոցներ ենք ձեռնարկում, որ օրինակ, հանրակրթության ոլորտի մասնագետները ներգրավվեն, աշխատանքի ընդունվեն հանրակրթության ոլորտում, դպրոցներում, առողջապահության ոլորտի աշխատողներն աշխատանքի ընդունվեն առողջապահության ոլորտում: Նաև շատ կարևոր է, որ նախարարությունները թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվությունն ակտիվ տարածեն», - ասել է վարչապետը՝ նկատելով՝ աշխատանքի ընդունվելու ընթացակարգերը՝ մրցույթներ և այլն, չեն զրոյացվի, բայց հնարավորինս կպարզեցվեն, որպեսզի գործող մանկավարժները, առողջապահության և այլ ոլորտների մասնագետները հեշտացված ընթացակարգերով հնարավորություն ունենան աշխատանքի ընդունվել։

Թոշակառուների խնդիր

Անդրադառնալով թոշակառուների խնդրին վարչապետն ասել է՝ լավ լուրն այն է, որ նրանք մեծ մասամբ ունեն բանկային քարտեր և նրանց աջակցություն ցուցաբերելիս հասանելիության հարցում մեծ դժվարություններ չեն լինի։

«Ֆինանսական առումով մեր մոտեցումն այն է, որ նրանք իրենց կենսաթոշակները շարունակեն ստանալ Հայաստանի Հանրապետությունում», - ասել է վարչապետը։

XS
SM
MD
LG