Մատչելիության հղումներ

Ավելի քան 100 հազար բռնի տեղահանված անձ Արցախից ժամանել է Հայաստան


Գիշերվանից սկսած Արցախից մարդկանց հոսքը նվազել է անցած օրերի համեմատ: Հակարիի կամուրջը հատել է 100 հազար 480 արցախցի: Սա Արցախի բնակչության շուրջ 85 տոկոսն է: 2020 թվականի պատերազմից հետո պաշտոնական տվյալով՝ Արցախում 120 հազար հայ էր մնացել։

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը Ֆեյսբուքում գրել էր, որ Արցախի բնակչության արտահոսքը դեռ շրջափակումից՝ անցած տարվա դեկտեմբերից էր սկսել։

«2022թ. դեկտեմբերից սկսած բլոկադայից հետո տարբեր ձևերով սկսեց մարդկանց արտահոսք։ Զգալի թվով մարդիկ են հեռացել Շուշիի ճանապարհը շրջանցող Շռլանի անտառային ճանապարհով 2023թ. հունվարից մինչև մարտի 5-ը ընկած ժամանակահատվածում։ Այնուհետև, տարբեր ձևերով, Կարմիր խաչի և ռուսների միջոցով հազարավոր անձինք նույնպես հեռացել են Արցախից», - նշել է Խանումյանը։

Մարդկանցից ոմանք երրորդ, նույնիսկ չորրորդ անգամ են տեղահանվում հայրենիքից:

Մինչ 2020 թվականի պատերազմը պաշտոնական տվյալների համաձայն Արցախում 150 հազար հայ է ապրել։ Նրանց մի մասը՝ 30 հազարը տեղահանվել են Հադրութից, Շուշիից, Քարվաճառից, Քաշաթաղից ու Արցախի մյուս բնակավայրերից։

«Պետք է հաշվի առնել, որ 2020թ. պատերազմից հետո մոտ 30 հազար տեղահանված անձ դեռ չէր վերադարձել Արցախ։ Այսպիսով, գործ ունենք մոտ 150 հազար բռնի տեղահանված անձանց հետ` դրանից բխող բոլոր խնդիրներով», - գրել էր Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարարը։

Թեև մարդկանց հոսքն ակնհայտորեն նվազել է, սակայն կամավորները շարունակում են աշխատել: Տարածքում բազմաթիվ կամավորական խմբեր են, որոնք փորձում են օգնել մարդկանց: Այժմ տարածքում են Հայաստանի տարբեր մասերից եկած հոգեբաններ, ուսուցիչներ, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նրանք փորձում են առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերել նաև երեխաներին, որոնք փաստացի եղել են ադրբեջանական հարձակման ականատես: Հոգեբանները պատմում են, որ ոմանք չափազանց ծանր հոգեբանական վիճակում են, չեն ցանկանում խոսել:

Դեռևս պաշտոնապես չի հաստակեցվում, թե քանի մարդ է մնացել Արցախում: Այսօր միայն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ Երևանից 13 շտապօգնության մեքենա է Ստեփանակերտ տեղափոխվել, այդ թվում՝ անօգնական ծերերին, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար:

Վերջին տվյալներով Հայաստան տեղափոխվածներից միայն 37 հազար 749-ն է ընդունել պետության առաջարկած ժամանակավոր կեցավայրեր տեղափոխվելու առաջարկը: Նրանց մեծ մասը տեղափոխվել է Կոտայքի, Արարատի մարզեր, ամենաքիչը՝ Շիրակ, Լոռի և Տվուշ:

XS
SM
MD
LG