Մատչելիության հղումներ

Անհնազանդության ակցիաներ, երթեր. ընդդիմության ցույցերն այսօր շարունակվեցին


Իշխանությունների հեռացման պահանջով ընդդիմության ցույցերն այսօր շարունակվեցին, ինչպես նախօրոք հայտարարել էին՝ առավոտյան տարբեր խմբերով անհնազանդության ակցիաներ, երթեր իրականացրին։ Ցույցերի սցենարն էլ այսպիսին էր, կարճ ժամանակով փողոց էին փակում, ոստիկանների ժամանելուն պես մայթեր տեղափոխվում:

Մեքենաների շարժը կանգնեցնելու համար օգտագործում էին նաև աղբարկղերը։ Ոստիկանները դրանք հեռացնում էին, վայրկյաններ անց, սակայն, ցուցարարները դրանք կրկին երթևեկելի մաս էին տեղափոխում:

Թեև փողոցները շատ կարճ ժամանակով էին փակվում, բայց ուժայինների հետ միջադեպերից այսօր էլ չխուսափեցին։ «Ազատության» նկարահանող խմբերից մեկը կրկեսի հարակից տարածքում հավաքված ցուցարարների հետ էր։ Հերթական փողոցը փակել-բացելուց հետո ոստիկանությունը մասնակցիներից մի քանիսին բերման ենթարկեց։

Երեկ ասել էին՝ անհնազանդության ակցիաները կշարունակեն մինչ 11-ը։ Օրվա ընթացքում բերման ենթարկվածների թիվը հասավ 168-ի։

Առավոտյան բերման ենթարկվեց նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, նա արդեն դուրս է եկել ոստիկանության բաժանմունքից։

Բողոքի ցույցերը նաև համալսարաններ հասան։ Բժշկականի մի խումբ ուսանողներ իրազեկման ակցիա արեցին։

Մայր բուհում էլ ռեկտորի և դեկանների հանդիպման ժամանակ դռներից այն կողմ բողոքում էին դասախոս Ցոլակ Ակոպյանը, Ուսխորհրդի նախկին ներկայացուցիչներ, նրանց ոստիկանները բերման ենթարկեցին։ Պոլիտեխնիկում էլ նույն պատկերն էր, այստեղ ուսանողներին թևերը ոլորած տարան:

Նախօրեին Քննչական կոմիտեն տեղեկացրեց՝ մեկ շաբաթ առաջ սկսված ցույցերի ընթացքում արդեն 26 անձ տարբեր մեղադրանքներով կալանավորված է։ Նրանցից մեկը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է՝ Լևոն Քոչարյանը։ Նրան օրերս ակցիաներից մեկի ընթացքում բերման ենթարկեցին, ու թեև կադրերում երևում է՝ ոստիկաններն են նրա նկատմամբ ուժ գործադրում, հենց Քոչարյանն է այժմ մեղադրվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Դատարանն այսօր որոշեց մեկ ամսով կալանավորել նրան։

XS
SM
MD
LG