Մատչելիության հղումներ

«Պետք է դիտարկեն՝ կա՞ ատելության խոսքի տարածում, թե՝ ոչ». որոշ լրատվամիջոցների որակումները դժգոհության առիթ են դարձել


Բողոքի ակցիա Երևանում
Բողոքի ակցիա Երևանում

Երևանում սկսված բողոքի ակցիաները լուսաբանող իշխանամերձ լրատվամիջոցների որակումները երեկ դժգոհության ալիք բարձրացրեցին։ Պատճառը նրանց տեսանյութերի վերնագրերն էին, երբ հատուկ ընդգծվում էր, որ մայրաքաղաքում ակցիա անողները ղարաբաղցիներն են, ջարդում, փշրում են ավտոմեքենաները, վիրավորում ու հայհոյում իրենց հետ չհամաձայնողներին։

Օգտատերերը քննադատեցին Civic.am, Ararat news լրատվամիջոցներին՝ պնդելով՝ նրանք ատելություն են տարածում։

«Մենք տեսանք հրապարակումներ, որտեղ մեր հայրենակիցների մի խումբ թիրախավորվում էր, և այդ թիրախավորումը կարելի է կոչել նաև ատելության խոսքի տարածում», - ասաց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) փորձագետ, media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագետի խոսքով, սա լրատվական դաշտում նորություն չէ, լրատվամիջոցների էջերում, եթերում հաճախ են հանդիպում տարբեր՝ սեռից մինչև քաղաքական ու սեռական կողմնորոշման նկատմամբ ատելության քարոզ։

Երեկվա դեպքում, սակայն, այս երևույթին մասնակից է դարձել նաև Քննչական կոմիտեն։ Իրավապահ այս կառույցն է քննում Երևանում հանրահավաքների ու անհնազանդության ակցիաների մասնակիցների քրեական գործերը։

«Եթե հաղորդագրությունը տարածում ես, եթե այդ հաղորդագրության մեջ շեշտում ես, մարդկանց խմբին թիրախավորում ես, դա փորձ է տրամադրելու հասարակության մի մասին մյուս մասի նկատմամբ, ինչն ընդհանրապես Քննչականի գործառույթը չէ, և ստացվում է, որ Քննչականն այդ տեսակետից նպաստում է քաղաքական պայքարի մի կողմին», - նշեց Վարդանյանը:

Այս օրերին Քննչական կոմիտեն 2 տարբեր հաղորդագրություններում անդրադարձել էր ձերբակալվածներին ու ընդգծել՝ նրանցից ոմանք Արցախից են։

Մինչ Քննչականը հերքում է, որ խտրական վերաբերմունք չկա, պարզապես շեշտում են բնակության վայրը, մեդիա փորձագետը հակադարձում է. - «Դա Հայաստանում պրոպագանդայի, ուժայինների կողմից քաղաքական նպատակների համար աշխատելու վատ ավանդություների վատ շարունակություն է»:

Բացասական այս երևույթի մեջ փորձագետն առանձնացնում է մի դրական բան՝ հանրության դժգոհությունից հետո լրատվամիջոցներն ընդունեցին իրենց սխալն ու ուղղեցին տեքստը, բայց Civic.am-ի պարզաբանումից հետո էլ չմարեց դժգոհությունը։

Լրատվամիջոցը գրել էր, թե ղարաբաղցի բառը չեն նշի, բայց կշարունակեն լուսաբանել նրանց կողմից հասարակ քաղաքացիների ահաբեկումը, ծեծը և այլն։ Էջի խմբագրի խոսքով՝ ընդունել են, որ մի քանի հոգու պատճառով իրենց վերնագրերով թիրախավորել են ընդհանուր առմամբ ղարաբաղցիներին, և դա կարող էր ատելության խոսքի տարածման պատճառ դառնալ, իսկ իրենք նման մտադրություն չեն ունեցել։ Ararat news-ի խմբագիրը, ևս ընդունելով սխալը, պնդում է՝ փոխել են վերնագրերը՝ հաշվի առնելով ընթերցողների հանրային պահանջը, այսուհետ չեն նշի նրանց ծագումը, երբ լուսաբանեն վերջիններիս կողմից հասարակ քաղաքացիների ահաբեկումը, ծեծը, ունեցվածքի ջարդը։

Գեղամ Վարդանյանը, սակայն, այս արձագանքները համոզիչ չի համարում ու կարծիք է հայտնում, որ իրավապահները պետք է առնվազն դիտարկեն՝ կա՞ ատելության խոսքի տարածում, թե՝ ոչ։

Գլխավոր դատախազությունը դեռ չի հստակեցնում՝ կքննի՞ իշխանական լրատվամիջոցների վարքագիծը, թե՝ ոչ։ Այսուհանդերձ, Քրեական օրենսգիրքն արգելում է ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված ատելության տարածումը։

XS
SM
MD
LG